ԵՄ երկրներից աշխատանքային ներգաղթյալների թիվը Մեծ Բրիտանիայում առաջին անգամ գերազանցել է 2 միլիոնը

16:48 • 12.08.15

Եվրամիության երկրներից Մեծ Բրիտանիայում աշխատող ներգաղթյալների թիվն առաջին անգամ գերազանցել է 2 միլիոնը: Այդ մասին են վկայում պաշտոնական վիճակագրական տվյալները, գրում է ТАСС-ը:

 

Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներից Միացյալ Թագավորություն ներգաղթյալների հոսքի ավելացումը կազմել է 4 տոկոս: Այդկերպ՝ նրանց թիվն աճել է՝ հասնելով 973 հազարի:

 

Ընդ որում՝ առանձին խմբի մեջ են առանձնացվել Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիները, որոնք այժմ Մեծ Բրիտանիայում 189 հազար են, ինչը 19 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Նրանց թվի նման կտրուկ աճը կապված է նրա հետ, որ անցած տարվա հունվարի 1-ից հանվել է այդ երկու երկրների քաղաքացիների համար աշխատելու համար բրիտանական իշխանություններից պարտադիր թույլտվության տեսքով գործող սահմանափակումը:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ-ի կազմում երկրի մնալու հարցի վերաբերյալ հանրաքվեից առաջ Եվրամիության ղեկավարության հետ բանակցություններին մտադիր է հասնել Արևելյան Եվրոպայից աշխատանքային ներգաղթյալների հոսքի սահմանափակման: Նրանց աշխատանքի ցածր արժողության պատճառով շատ բրիտանացիներ մնում են գործազուրկ՝ չդիմանալով շուկայում մրցակցությանը: