Վալերի Պերմյակովը ռուսական դատարանի կողմից դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

19:37 • 12.08.15

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանի կողմից դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ դասալքության և ապօրինի զենք կրելու համար:


Հիշեցնենք, որ Պերմյակովը իրեն մեղավոր է ճանաչել և նշել, որ պատրաստ է կրել ցանկացած պատիժ:


Դատական նիստը նախագահում էր Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շելդյաևը:


Հիշեցնենք նաև, որ Պերմյակովը մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի և 222 հոդվածի առաջին կետի պահանջներով։

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: