Դատախազը պահանջել է Պերմյակովին դատապարտել 10 տարվա ազատազրկման

17:30 • 12.08.15

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102—րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատաքննությանը պետական մեղադրող Վլադիմիր Անդրուսենկոն դասալքության, զենքի հափշտակման և ապօրինի կրման հոդվածներով պահանջեց 10 տարվա ազատազրկում:

 

Արդար դատավճիռ պնդեց նաև տուժող կողմի ներկայացուցիչ գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը: Պաշտպանական կողմը` ի դեմ պաշտպան Դանիելյանի ևս հույս հայտնեց, որ արդար և անկողմնակալ վճիռ կկայացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատարանը վերջին խոսքը տվեց Պերմյակովին, ով նշեց, որ ընդունում է մեղքը և պատրաստ է կրել ցանկացած պատիժ: Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 12-ին` ժամը 19:00-ին: 
 

Դատական նիստը նախագահում է Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շելդյաևը:

 

Պերմյակովը մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահանջներով:
 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկական կողմին: