Մարտունի-Վարդենիս-Արցախ միջպետական ճանապարհը փլուզման վտանգի տակ է

16:53 • 12.08.15

Մարտունի-Վարդենիս-Արցախ միջպետական ճանապարհը Կարճաղբյուր գյուղի լճափնյա մասում Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով  հայտնվել է փլուզման վտանգի առջև:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը,լճի բարձրացած ջուրը ողողել է միջպետական նշանակության ճանապարհի հողային պաստառը` քանդելով կողնակը եւ ասֆալտբետոնյա ծածկի որոշակի հատված:
 

«Կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում ճանապարհը կարող է փլուզվել` հանգեցնելով ծանր հետևանքների: Վնասված հատվածը կազմում է մոտ 30 գծամետր, սակայն  խնդիրը հիմնավորապես լուծելու համար, համաձայն մեր կողմից կատարված ուսումնասիրության, անհրաժեշտ է ողողված տարածքը գաբիոնապատել մոտ 80 գծամետր երկարությամբ, որի համար, նախնական ու մոտավոր հաշվարկներով, կպահանջվի մինչև 20 միլիոն դրամ»,-նշել է Գևորգ խաչատրյանը:

 

Ըստ բաժնի վարիչի ներկայացման` խնդրի մասին ՀՀ կառավարությանը տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: