Նա մեր երկրի քաղաքացի չէ և չի արտահայտում մեր երկրի շահերը. արվեստագետները՝ Անդրանիկ Նիկողոսյանի մասին
Երբ կոչեր են լինում այլ պետության կազմի մեջ մտնելու մասին, դա դատապարտելի է, անեծք է: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս տեսակետը հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ:
«Մենք գիտենք, թե ինչ դժվարությամբ ենք հասել մեր անկախությանը: Պետք է դատապարտել այդ մարդուն, ի՞նչ է, օձ ենք տաքացնում մեր ծոցում»,- ասաց Դավիթ Գասպարյանը՝ հավելելով, որ եթե հասարակության մեջ կա մեկ մարդ, որ նմանատիպ կոչեր է անում, ուրեմն դա նշանակում է, որ պետք է ձգտել էլ ավելի ամրապնդելու մեր պետականությունը:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Նիկողոսյանն ասել էր, թե Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից և որևէ անհատ չէ, որ պետք է որոշի, թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը:
Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ անդրադառնալով նույն թեմային, ասաց, որ չի ցանկանում որևէ պիտակ կպցնել Անդրանիկ Նիկողոսյանին, սակայն մերժում է այդ մարդու գոյությունը:
«Նա երիտասարդ կարիերիստ է, որը մտել է հոսանքների մեջ: Մենք պետք է հասկանանք, թե ում ենք մեդալ տալիս ու ինչի համար: Միայն մենք իրավունք ունենք խոսել մեր երկրի անունից, այլ ոչ թե ուրիշի վասալը գա և մեզ սովորեցնի, թե ինչ պետք է անել: Նա մեր երկրի քաղաքացի չէ և չի արտահայտում մեր երկրի շահերը, նա ընտրել է օտարը»,- ասաց Ռուբեն Բաբայանը:










