Մոտ 1.300 փախստական հունական Կոս կղզուց ժամանել է Աթենք

17:23 • 13.08.15

Նավը, որում գտնվել է մոտ 1300 ներգաղթյալ, հունական Կոս կղզուց մեկնել է մայրաքաղաք Աթենք, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Նավի ուղևորները հայտնել են, որ մտադիր են եղել առաջ շարժվել Եվրոպայում։ Առափնյա պահպանության ծառայության հաղորդագրությունների համաձայն՝ օրվա ընթացքում սպասվում է ևս 600 փախստականների ժամանում տարբեր կղզիներից։

 

Նախօրեին Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է Կոս կղզի նավ ուղարկել, որը ժամանակավոր կացարան կլինի փախստականների համար։ Նավն այսօր երեկոյան կհասնի Կոսի նավահանգիստ։ Այնտեղ կբարձրանան մոտ 2500 ներգաղթյալներ, որոնց կգրանցեն և կապահովեն անհրաժեշտ ամեն ինչով։

 

Պաշտոնական տվյալներով՝ վերջին օրերին Կոս է ժամանել ավելի քան 7.000 փախստական։ Նրանցից շատերը հունական կղզի են հասել Թուրքիայի տարածքից։

 

Հումանիտար կազմակերպություններն իրավիճակը կղզում գնահատում են որպես քաոսային, կղզում անկարգություններ են եղել։ Նման իրավիճակ է նաև հունական այլ կղզիներում՝ Սամոս, Լեսբոս, Խիոս։