ՓՄՁ-ները 5% շահութահարկն այս եռամսյակին չեն վճարի ու նորից պայքարի դուրս կգան (տեսանյութ)

13:03 • 13.08.15

 

ՓՄՁ–ները չեն ցանկանում վճարել 5% շահութահարկ, ինչի մասին այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին «Չենք վճարելու» նախաձեռնության անդամները՝  ինչպես բանավոր, այնպես էլ այս մասին ցուցապաստառներով կանգնելով կառավարության շենքի դիմաց:
 

«Բացի նրանից, որ օրենքի այս տարբերակն այն չէ, ինչ մենք էինք պատկերացնում, և ինչ համար պայքարում էինք, այս խնդիրներն առկա են»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Արսեն Ազատյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ  Ազգային ժողովը 03.05 2015 թ. արտահերթ նիստում 92 «կողմ» 6 «դեմ» և 13 ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի լրամշակված տարբերակը, որով ՓՄՁ ներկայացուցիչները փաստաթղթավորման բացակայության դեպքում նախկին 3,5%-ի փոխարեն  վճարում են 5% շահութահարկ: Իսկ այն ՓՄՁ-ները, որոնք համաձայն են կատարել պարտադիր փաստաթղթավորում, կվճարեն 1% շահութահարկ:

 

Այս փոփոխությունները եղան, երբ նախորդ տարվա աշնանը ՓՄՁ-ների ներկայացուցիչները հանրահավաքային պայքար էին մղում, և կառավարությունը, որպես փոխզիջումային տարբերակ, մշակեց այս փոփոխությունները:

 

Ըստ Արսեն Ազատյանի՝ իրենց առաջարկվել էր այլընտրանք վատի և վատագույնի միջև, սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այս անցած 1,5 ամիսները վկայեցին, որ «վատն էլ վատագույն է»:

 

«Չենք վճարելու» նախաձեռնության անդամները պնդում են, թե նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այս 1,5 ամսվա ընթացքում գրանցվել է առևտրաշրջանառության կտրուկ և էական անկում՝ մոտ 15-20%-ի չափով:

 

Նրանք Կառավարությանը հորդորեցին օրենքի հարթությունից անցում կատարել բարոյական հարթություն և որպես փոխըմբռնման առաջին քայլ ներկայացրին իրենց առաջարկը՝ 5% տոկոս դրույքաչափը դարձնել 3,5%՝ պահպանելով մնացած տարրերը: