Կանխվել է Ուկրաինայից 470.000 դոլար դուրս բերելու՝ Յանուկովիչի որդու ընկերության փորձը

11:50 • 13.08.15

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կանխել է Ալեքսանդր Յանուկովիչի՝ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու ընկերության կողմից ՌԴ-ում սարքավորում ձեռք բերելու փորձը, հաղորդում է ТАСС-ը։

 

«Արժույթը սահմանից դուրս հանելու համար «МАКО» հոլդինգի ընկերություններից մեկը խաբեությամբ Ռուսաստանի Դաշնությունում սարքավորում է ձեռք բերել։ Այն իբր պետք է ներկրվեր տարածք, որը ֆինանսական խարդախության պահին արդեն չէր գտնվում ուկրաինական իշխանությունների հսկողության տակ»,- ասված է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

 

Ծառայությունում չեն հստակեցրել, թե ինչ սարքավորման մասին է խոսքը: Սակայն գերատեսչության տվյալներով՝ խոսքն ավելի քան 10 միլիոն գրիվնայի (ավելի քան 468 հազար դոլար) մասին է։