ՀՀ դեսպանը մասնակցել է Սանտ’Աննա դի Ստացեմայի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

10:53 • 14.08.15

Օգոստոսի 12-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Սանտ’Աննա դի Ստացեմայի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությանը կայքը:

 

Արարողության սկզբում ընթերցվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ուղերձը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Սանտ’Աննա դի Ստացեմայի քաղաքապետ Մաուրիցիո Վերոնան, ով հատուկ ընդգծել է, որ այս տարվա հիշատակի միջոցառումը նվիրված է նաև 20-րդ դարի մարդկության դեմ կատարված առաջին ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Դեսպան Ղազարյանն իր ելույթում կարևորել է ցեղասպանությունների և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման և այդ նպատակով հիշողության պահպանման անհրաժեշտությունը: Նա վերապրածների սերունդների բարոյական պարտքն է համարել անտարբեր չմնալը և «աչք չփակելը» մեր օրերում կատարվող ոճրագործությունների հանդեպ՝ այդ առնչությամբ նկատելով, որ այսպես կոչված «Իսլամական պետության» կողմից ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ այսօր իրականացվող գործողությունները հիշեցնում են 100 տարի առաջ հայերի դեմ իրականացված եղեռնագործությունը և չպետք է անպատիժ մնան:

 

Նա ներկայացրել է ցեղասպանության կանխարգելման հարցում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականությունը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի նախաձեռնած բանաձևերի ընդունումը, որին աջակցել են մի շարք երկրներ, այդ թվում` Իտալիան, ինչը վկայում է այն մասին, որ երկու երկրները ցեղասպանության դեմ պայքարի նույն ճակատում են:

 

Դեսպանը հավելել է, որ Հայաստանն ու Իտալիան ՄԱԿ ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությունում նույնպես իրենց միասնական ջանքերն են բերում Միջին Արևելքի կայունության ու անվտանգության ապահովման գործին:
 

ՀՀ դեսպանը նաև նշել է, որ եթե 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը համարժեք արձագանք ստանար միջազգային հանրության կողմից և նրա իրականացնողները ժամանակին պատժվեին, ապա 20-րդ դարը չէր դառնա ցեղասպանությունների դար: Նա հավելել է, որ քանի դեռ մարդկության դեմ ոճիրները միայն պատմությանը չեն պատկանում, այլ զանգվածային լրատվամիջոցների լրահոսում են, քաղաքակիրթ մարդկությունը շատ անելիք ունի դրանք կանխարգելելու գործում:
 

Դեսպան Սարգիս Ղազարյանն իր ելութում նշել է, որ Սանտ’Աննա դի Ստացեմայի զոհերի հիշատակի արարողությանը ներկա է նաև Գերմանիայի Մոերս քաղաքի քաղաքապետը և ափսոսանք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին դեռևս որևէ թուրք քաղաքապետ չի մասնակցել: Նա կոչ է արել բոլորին չզբաղվել պասիվ հիշողությամբ, այլ իրազեկել նոր սերունդներին անցյալի ոճրագործությունների մասին և ակտիվորեն պայքարել ժխտողականության դեմ:

Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի քաղաքական, զինվորական, հոգևոր և հասարակական շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ, 100-ից ավելի քաղաքապետներ, Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջիանին, Իտալիայի պարտիզանների ազգային միության նախագահ Կառլո Սմուրալիան, Սանտ’Աննա դի Ստացեմայի և շրջակա բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ:
 

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց իտալական զանգվածային լրատվամիջոցների՝ մամուլի և հանրային հեռուսատատեսության կողմից:
 

Տեղեկանք. Յուրաքանչյուր տարի օգոստոսի 12-ին Իտալիայում նշվում է ֆաշիստական Գերմանիայի կողմից 1944թ. փոքրիկ Սանտ’Աննա դի Ստացեմա (Sant’Anna di Stazzema) քաղաքի 560 խաղաղ բնակիչների սպանության օրը: Այդ հանցագործությունը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես մարդկության դեմ իրականացված ոճիր: Միջոցառումն անցկացվում է Սանտ’Աննա դի Ստացեմայում՝ Իտալիայի նախագահի հովանու ներքո, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ և յուրաքանչյուր տարի որևէ իտալացի կամ օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյա հրավիրվում է հիշատակի արարողությանը գլխավոր պաշտոնական ելույթով հանդես գալու: Անցյալ տարի նման ելույթ էր ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Այս տարվա հիշատակի միջոցառումը, բացի Սանտ’Աննա դի Ստացեմայի զոհերից, քաղաքապետարանի որոշմամբ, նվիրված էր նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: