Յանուկովիչի հարցաքննությունը կարող է անցկացվել տեսակապի միջոցով

10:07 • 14.08.15

Լուսանկարը՝ okolostand-up-ի

 

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պատրաստ է հարցաքննել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին տեսակապի միջոցով։ Այդ մասին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Վիտալի Սերդյուկը։ Նա նշել է, որ «տեսակապից հրաժարվելը կլիներ իրավունքների խախտում՝ ի պաշտպանություն Յանուկովիչի», փոխանցում է Deutsche Welle-ն։

 

Սերդյուկի խոսքով՝ նման հարցաքննություն անցկացնելու համար Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ռուս գործընկերներին հարցում կուղարկի։ Այնուհետև պետք է համաձայնեցվի Ռուսաստանում այն վայրը, որտեղ տեխնիկապես հնարավոր կլինի անցկացնել նման գործընթաց։

 

Նախկինում դատախազությունն արդեն կանչել է Յանուկովիչին հարցաքննության։ Նրա փոխարեն օգոստոսի 11-ին ներկայացել է փաստաբանը, ով հայտնել է, որ իր պաշտպանյալը «վախենում է իր կյանքի համար»։

 

Յանուկովիչը կասկածվում է իր գրքերի համար որպես հոնորար 26 մլն գրիվնա կաշառք ստանալու համար։