Հրեշտակս, մի վախնար. ես չեմ մեռնի, ես երկար կապրիմ. Վահագն Հովնանյան (մաս առաջին)
Իսկ դուք ի՞նչ հարց կտայիք մեռնող մարդուն. ես միայն այս հարցը կտայի լրագրողին՝ աշխատանքի վերցնելուց առաջ: Սա՝ տառապանքով ձեռք բերված փորձից: Իսկ հիմա տառապանքի մասին.
Մամուլը գուժել էր մեծահամբավ Վահագն Հովնանյանի առողջական ծանրագույն վիճակի մասին.տան դուռը կրնկի վրա բաց էր. ամենուր բժիշկներ էին վազվզում. քիչ անց միացավ արհեստական շնչառությունը. ճնշումն ընկնում էր. կարճ ժամանակ անց մահճակալի մոտ խմբվեց երկրի մտավոր ընտրախավը և…հիվանդասենյակը լցվեց երգով:
Գեղեցիկ է մեռնում՝ ասաց նրանցից մեկը: Մյուսը թե՝ ապրեց փառահեղ ու իմաստուն մի կյանք. առանց թաշկինակի, հենց ձեռքերի մեջ փղձկացող երրորդը մի երկար ու անվերջանալի պատմություն էր սկսել մարդու վաղ մանկությունից և ընդհուպ հասել երիտասարդության մատույցները, երբ չորրորդը, հավանաբար սրա լացը կտրելու հույսով, մոտեցավ, գրկեց հիվանդի գլուխն ու շատ բարձր ձայնով հարցրեց՝ լավ կերևիս, կարծեմ այժմ ցավ չունիս: Ոչ, ամենևին, հրեշտակս՝ պատասխանեց մարդը: Ո՜հ, ադիկա շատ լավ է, որ առանց ցավի կմեռնիս: Չէ, չէ, մի վախնար, չեմ մեռնի՝ խուլ արտասանեց մարդը և սկսեց ամբողջ թոքերով երգել. ձա-խորդ օ-րե-րը ձըմ-ռան նը-ման կու-գան ու… հանկարծ ճնշումն ու սրտի ռիթմը երևակող էկրանը սևացավ: Մի՛, մի՛ անհանգստացեք՝ ծանր լռության խորքից լսվեց մարդու ձայնը՝ թագս ընկավ: Ի՞նչ…Աս թագը՝ ասաց նա ցույց տալով շնչառության սարքից դեպի գլուխը հոսող անոթների կույտը: Այ հիմա մոտեցիր և հարցեր տուր՝ բարձր հուշեցին մեջքիս հետևից:
Ե՞ս, ինչո՞ւ…պետք չեն հարցեր՝ մի կերպ պատասխանեցի ես: Մարդը ժպտաց և նայելով ուղիղ աչքերիս ասաց՝ կուզե՞ս հետս զրուցել, զրուցե, կհիշեմ, անցյալ անգամն ալ ահագին գաղտնիքներ տվի քեզի:
Զրուցե՞մ, ի՛նչ զրուցեմ, այն էլ այս պահին, այսքան վկաների ներկայությամբ՝ սարսափով մտածում էի ես, բայց վրայիցս գնացող սառը ջուրն ուր որ է կծորար հատակին, եթե չհասցնեի մարդուն գոնե երկու հարց տալ, որ գոնե կարողանամ ճողոպրել սենյակից.
-Կուզե՞ք Ձեզ ձայնագրեմ, ասելիք ունե՞ք:
-Եթե դուն կուզես՝ ձայնագրե. դուն ինձի ասելիք ունի՞ս:
Լռություն. դե արի ու դուրս արի այս հարցերի տակից. մեկ էլ որտեղից որտեղ միտքս ծակեց Սարոյանը, թևավորվեցի մի պահ՝ տեսնես կարո՞ղ եմ նրա ասածն այստեղ խաղարկել. Սարոյանը հուշել էր, չէ՞. «մեռնող մարդուն ես չէի ասի՝ ոնց ես, ես նրան լավություն կանեի և կասեի՝ ինչու ես նման հիմարություն անում. գուցե դա ամենամեծ լավությունն է, որովհետև այդ մարդը կծիծաղի մեռնելուց առաջ».մտքինս սա էր, բայց ձևակերպվեց այսպես.
-Հիշո՞ւմ եք, Սարոյանն ասում էր…, ասում էր երգը չի կարող սուտ խոսել, ավելի լավ է երգենք, չէ՞:
-Այո, կըսեր երգն է հայոց պատմությունը: Կըսեր՝ իմ մեծ մայր Լուսնթագ Կարօղլանյանը ու զորավոր, վայրենի երգեր կերգեր: Երգերը եթե շատ երգվին, երբեք չեն մեռնիլ: Եկուր քեզի մի գաղտնիք ալ ասեմ. անհոգ, անհոգ մնա, ես հիմա չպիտի մեռնիմ…
Երկու օր անց մարդն իրեն բարձրացրել էր անկողնուց, դեն նետել գլխին ամրացված «թագը» և իր ամենասիրած թանապուրը ճաշակել ընտանեկան մեծ սեղանի շուրջ: Երրորդ օրը. ճաշին՝ քյաբաբ, իսկ ճաշից հետո՝ հաղթական ավարտով նարդի: Չորրորդ օրը մարդն առավոտ կանուխ արթնացել և գնացել էր աշխատանքի: Ահա պատմություն այն մասին, թե ինչու և ինչպես չպիտի մեռնել…
-Ողջույն, պարոն Հովնանյան. տեսեք, ինչ հրաշք է, արծի՜վ՝ մարդու պես եկավ ու նստեց կողքիս…
-Օ՜, իրավ որ հրաշք.տեսնիս ինչպե՞ս հասավ մեզի հավքերի աս թագավորը:
- Իսկական թագավորի պես էլ հրաժարվում է հարցազրույցից, որ պարզենք, թե որտեղից է գալիս և ուր է գնում…
-Ես կխոսիմ անոր հետ. եկուր, եկուր…կարծես հիվանդ է, վիրավոր է. ոհ, ո՛հ, խածեց, խածեց:
-Վա՜յ, սպասեք, մի րոպե…բժիշկ կանչենք, ամա՜ն, արյուն է գալիս…
-Բան մը չէ, մի անհանգստանա, արծիվը ձեռքս համբուրեց, ուժ տվավ ինձի, բայց անոր սիրտն ալ իր տունը կուզե, իր լեռը կուզե. չես նեղանա՞ր, որ բժիշկ կանչենք իրեն բժշկի ու թողունք, որ երթա, իր ազատությունը վայելե, չբանտենք անոր, թող գնա ճախրե, անոր համար աս թաղամասը խիստ նեղ է:
-Իհարկե, իհարկե, բայց Դուք լա՞վ եք զգում Ձեզ:
-Այո, հրաշալի: Գիտե՞ս, ցավերուն պետք չէ շատ ականջ դնել, հավատալ: Ապրիլին ցավեր ունեցա փորիս մեջը. գացի բժիշկներն ասին քաղցկեղ ունիս։ Գացի Ամերիկա, քննեցին, ընկերներս ինձի ասին, թե բան մը չկրցան գտնել։ Բայց քրոջս ասել էին, թե երկու ամիս ունիմ ապրելիք։
- Ի՞նչ մտածեցիք այդ պահին:
-Չհավատացի։
-Իսկ եթե հավատայիք, ինչպե՞ս կապրեիք այդ երկու ամիսը:
-Գործերս կավարտեի. այսքան մարդ ինձի հավատաց, ես չեմ կարող նրանց հուսահատ ձգել: Այսքան ժողովուրդ ինձի հետ հույս է կապել, ինձի գործընկեր է դարձել, ինչպե՞ս թողնիս, որ ադոնք պարապ երթան։
-Բայց ասում են, մարդ այնքան պինդ պիտի հավատա անմահությանը, որ ցանկացած մեկի պարտքով փող տա այն աշխարհում վերադարձնելու պայմանով:
-Նախ երբեք չպիտի տաս վերադարձի ակնկալիքով, ոչ աս, ոչ ան աշխարհում: Հսկա հաճույք մըն է տալը։ Կարծես տեղ մը կառնես աշխարհի մեջ և այդ մարդերն ալ հետդ պիտի ընկեր ըլլան։ Հրաշալի, հրաշալի միտք է տալը, դա հաճույք մըն է, որ միայն տալով կզգաս, ոչ թե կսպասես բան մը։ Երբեք չպետք է սպասես բան մը իրենցմե։ Միայն տաս և ուրախանաս իրենց հաջողություններով։ Չսպասես և չխոսիս երբեք, որ տված ես։ Երբեք: Իմ մտքիս չկա մահը, թե որ մեռնիմ ի՞նչ պիտի ըլլա։ Պիտի ապրիմ։
Ցավեր ունիմ, բայց վստահ եմ, որ պիտի երկար ապրիմ։ Մարդերը, երբ ինձի կտեսնան, հիմա մեկ մաղթանք կուտան՝ երկար կյանք ունենաս: Չեմ գիտեր, թե շատեր որտեղեն ինձի գիտեն, բայց ամենն ալ աս կմաղթեն ինձի։
-Մարդոց ձայն, Աստծո ձայն…Դուք կարծես սարոյանական կերպար լինեք, երբ ձեզ տեսնում եմ, մտքիս Սարոյանն է: Այ, հիմա էլ, փոխանակ հարց տամ, մի պատմություն հիշեցի. լսե՞լ եք, երբ Սարոյանն առաջին անգամ Հայաստանը տեսել է, ինչ է ասել, հարցրել է՝ դուք հոս ոստիկաններ ունի՞ք, ասել են՝ իհարկե ունենք. հարցրել է՝ դուք հոս գողեր ունի՞ք, բանտ ալ ունի՞ք, դե ասել են՝ ինչպես չունենք, վերջում հարցրել է ՝ կներեք, դուք այստեղ բոզեր, բոզանո՞ց ալ ունիք, պատասխանել են՝ անշուշտ, այդ էլ կա, Սարոյանը թե` է՜ շնորհքով երկիր է: /Ծիծաղում ենք.- Վ. Ս./
-Բայց այսչափ շնորհքին Հայաստանը կդիմանա՞. Հայաստանը երազ մըն էր ինձի համար՝ մանկությունից կուզեի Հայաստան գալ։ Հայերենը լսեի չէ՝ սիրտս կթռներ: Իմ ամենամեծ երազանքս է, որ ճիշտ Հայաստան ունենանք։ Ճիշտ, ճիշտ: Արժանի ենք, մենք արժանի ենք. հրաշալի երկիր, հրաշալի ժողովուրդ։ Ժողովուրդը խենթենալիք ժողովուրդ է։ Որ նոր եկա սկսեցա օդանավի մեջ դիտմամբ երկրորդ կարգը նստել, որ բոլոր սփյուռքահայերուն հարցնեի՝ առաջին, երկրորդ անգա՞մ ես եկել Հայաստան, ի՞նչ սիրեցիր, ու՞ր գնացիր։ Քեզի պես այսպես ինտերվյուներ կանեի օդանավին մեջ: Իսկ ամենավերջին հարցումս դիտմամբ այնպես կանեի, որ սիրով վերջանար, կասեի՝ Հայաստանին մեջ ամենա-ամենասիրածդ ի՞նչ էր։ Ու շատերի միտքը մեկ էր, կըսեին՝ ամենասիրածս հայ ժողովուրդն էր, ամենեն սիրունը: Խենթենալիք է աս ժողովուրդը. արժանի, արժանի…/Հուզվում է.-./
-Ո՞վ է հայը. կուզեի մի պահ մոռանանք, թե մեզնից առաջ օտարներն ու յուրայիններն ինչ են պատասխանել այս հարցին, և մենք մեզ մի հատ կրկին չափենք ոտքից գլուխ՝ ով է հայը այս ժամանակի մեջ, հենց հիմա:
-Քեզի մի պատմություն պատմեմ. Ամերիկային մեջ զօրուգիշեր կաշխատեինք. գիշերը կուգայի երեխաներս պառկած էին, չէի տեսներ իրենց մեծնալը։ Օր մը տիկինս՝ Հասմիկը, ինձ կանչեց, թե՝ Վահագն, մանկապարտեզի մեջը բժիշկ մը, հոգեբան կա, որ կուզե խոսել հատուկ հայրերուն հետ: Ասեցի՝ լավ, կուգամ։ Ու գացի: Աս հոգեբանը սկսավ պատմիլ, որ երբ երեխան գիշերը կարթնընա հոր պարտականությունն է երթալ ու անոր համար կաթ բերել, որ երեխան բացի մոր փափուկ ձեռքեն ճանաչե նաև հոր կոշտ ձեռքը: Հետո ըսավ, թե ՝ եթե պիտի կռվեք, գացեք հեռու, որ երեխաները մեծնան՝ չիմանալով հոր և մոր անհամաձայնությունները։ Հասմիկին ասացի ՝ ել երթանք, աս մեր տեղը չէ։ Բայց բժշկին ասի՝ դոկտոր, ես քեզ հարցումներ ունիմ, ասի՝ կտեսնամ, որ իմ տաբատս կհանես և կնոջս փեշը ինձի կհագցնես։ Ամեն մարդ սկսավ խնդալ։ Ասացի՝ ես համաձայն չեմ Ձեզ հետ, նախ մայրը սխալ կընե, որ կզրկե երեխային իր կաթից, իսկ ես կուրծք չունեմ, Աստված ան կնոջս տվեր է: Երկրորդ՝ ըսի, որ կուզեմ պոռալ կնոջս վրա, կուզեմ երեխաներուս դիմաց ընել, որովհետև ճիշտ կյանքն է ասիկա։ Չեմ ուզեր, որ երեխան հետո ասե, թե իմ հայրս ու մայրս ասանկ բաներ չէին ըներ, ադոր համար է, որ այսքան երկար ապրեցան իրար հետ: Իր ընտանիքի բաժանման հարց է սա:
-Այդ դոկտորը գիտե՞ր, որ խոսում է հայ տղամարդու հետ:
-Օ՜, ոչ, ինքը չիմանալով, որ ես հայ եմ, ըսավ՝ աշխարհում եզակի ազգեր, ժողովուրդներ կան, որ հիմա ունեն ավանդական, նմուշ ընտանիքներ: Եվ բերավ հայերուս օրինակը, որպես ընտանիք-ժողովուրդ: Ես էլ պոռթկացի՝ դոկտոր, ես հայ եմ, ես հայ եմ:
Հայու ընտանիքը հայկական կուլտուրայի ամենեն խոսուն արժեքն է՝ ինչ է մայրը, ինչ է հայրը, ինչ է տունը, ինչ չքնաղ է հայերեն խոսքը, ինչ է ընկերը, բարեկամը, ամբողջը՝ սեր է: Հենց կուլտուրան կպահե ժողովուրդը, երկիրը: Ատիկա պետք է վայելենք, ատով մենք հայ ենք մնացած, ատիկա պահած է մեզի։
-Անընդհատ նոր խաղալիքներ փնտրող տղամարդու համար սիրելի կինը ձանձրույթ չի՞ դառնում:
-Օ՜, նո, ոչ, երբեք: Ես Հասմիկի հետ եմ արդեն 57 տարի և մեկ վայրկյան անգամ ձանձրացած չկամ: Ամենքս ալ ամեն տարվա մեջ նոր բաներ կստեղծինք, մեր կյանքը կնորոգինք։ Բայց ամենագեշ բանը եղավ։ Հասմիկս 2006-ի հունվարի 19-ին, որ մենակս եկած էի Հայաստան, ինքն այնտեղ վերելակից ընկավ… կորավ աջ աչքի տեսողությունը, հիշողությունը վնասվեց, շաքարը բարձրացավ: Բայց իմ կինս ինձ համար իմ նույն կինս է՝ շատ սիրելի:
-Գիտեմ, գիտեմ ինչպես եք նրան խնամում, հագցնում շորերը, սանրում վարսերը…հուզիչ է, բայց կարծեմ հիշողությունը մինչև վերջ վնասված չէ…
-Գիտես, ես անոր հետ վարժություններ կընեմ, իրեն թեստի կդնեմ՝ աս մարդը կճանչնա՞ս, որ իրեն կնոջը sweetheart կըսեր։ Հա կըսե, իսկ ասա ինձ՝ ինչ է ան Մանվելյանի կնոջ անունը…կհապաղե, նորեն կըսեմ՝ Լուսինե է, կհիշե՞ս։ Կհարցնեմ՝ ամեն անգամ, երբ ճաշերը կուտար ի՞նչ կըսեր ադ Լուսինեն. լուռ կնայե աչքերուս. կհուշեմ նորեն՝ պաբա, պաբա աս ինչ…ու արդեն ինքը կշարունակե՝ աս ինչ համով է: Հին եղելությունները կհիշե, բայց օրը տասն անգամ ինձի կհարցնե՝ այս օրը ի՞նչ օր է։
- Երբ առաջին անգամ Ձեզ միասին տեսա, գիտե՞ք տիկին Հասմիկի ինչն ինձ զարմացրեց ու հիացրեց. ես չէի տեսել սեղանի շուրջ իր ամուսնու կողքին նստած մի կնոջ, որ այդպես կլանված լսի նրա բոլոր կենացները: Սովորաբար, կենացները ամենապերճախոս տղամարդու մոտ էլ կրկնվում են, չէ՞: Բայց նա սեղանի շուրջ կլանված լսում էր հատկապես Ձեզ, ու ես այդ պահին մտածում էի՝ կնոջ այսպիսի հավատն ու հիացմունքն է իր տղամարդուն դատապարտում հաղթանակների, այդպիսի տղամարդը երբեք չի կարող անհաց տուն վերադառնալ:
-Ա՜հ.Հասմիկս հանճարեղ կին է: Այնքա՜ն գեղեցիկ կյանք ենք ապրած միասին: Անանկ կին մըն էր, անանք կին…գաղութին մեջ ամենապաշտված կինն էր: Մենք մի առանձին կազմակերպություն էինք Ամերիկայի համար։ Անանկ առիթներ կստեղծեր, որ գաղութը իրարու գա։ Կպաշտեին իրեն։
-Ուրիշ կնոջ երբևէ չե՞ք սիրահարվել:
-Մեկ անգամ, երբ դեռ Հասմիկին չէի տեսած և 16 տարեկան էի խենթի պես սիրահարվեցա։ Իրաքի մեջ էր։ Հետո ունեի իհարկե, բարեկամուհիներ, բայց սիրուհի երբեք չեմ ունեցել։ Լավ բարեկամներ էինք։ Մեկը կար, որ երևի կրնայի համոզվիլ, բայց տեսնալուս պես Հասմիկը, ամեն մարդ միտքես ելավ և ինքը մնաց։
-Պարո՛ն Հովնանյան, հանկարծ չնեղանաք, բայց հայաստանյան օլիգարխիայի դեմքը տեսնողը չի կարող որևէ հարուստի երբևէ սիրել. Հայաստանում իսկապես հնարավոր չէ առանց մեծ սրիկայությունների հարստանալ: Քերիր հայաստանյան ցանկացած հարուստի և հազարավորների արյունն ու քրտինքը կթափվի նրա վրայից: Բայց, աշխարհի մեծահարուստներն այսօր օպերաներ, հրաշալի ներկայացումներ են գնում, մշակութային էլիտայի հետ են մերձեցնում բիզնես էլիտան, մնայուն արժեքներ են ստեղծում։ Իսկ մեր օլիգարխիան անկիրթ և անդաստիարակ է, և նրա հույսին մնացած ստեղծագործությունն էլ չի կարող ռաբիսից դենը գնալ: Երբևէ համեմատե՞լ եք նրանց և Ձեր ապրելու կուլտուրան, արժեքները:
-Մեղք են։ Կմեղքանամ նրանց, ցածր, շատ ցածր մարդիկ են անոնք: Ուսում չունին, շատ բիրտ մարդիկ են: Հույսս ան է, որ անոնց զավակները մաքրեն անոնց անունները, ուսում ստանան, ուրիշ կուլտուրայի, ուրիշ արժեքներու դավանին:
-Իսկ ի՞նչ եք կարծում, մարդը գենետիկա չէ՞, կամ էլ հնարավո՞ր է արդյոք մեղքերից շինված դրամը ժառանգել և յոթը պորտ պատիժ չստանալ։ Արդյո՞ք այդ որդիները կարող են ժխտել իրենց հայրերին, մանավանդ որ նրանք ավելի նման են իրենց հորը, քան հայրը՝ հենց իրեն, իր ինքնությանը:
-Այսօր չեն կրնար, ո՛չ, որովհետև իրենք էլ համը կառնին այդ հարստության։ Բայց երբ զավակներ ունենան, ցանկանան այդ զավակներու առաջ հպարտ, արժանապատիվ մնալ, շատ բան կձգեն, կերթան։ Ամեն մարդ իրեն երեխայի հանդեպ հպարտություն ունի՝ կուզե երեխային տալ ավելի լավը։
- Դուք երբ հանդիպում եք մեր իշխանություններին, նրանց հետ բացի գործնական հարցերից, այլ բանի մասին զրուցո՞ւմ եք: Ինչի՞ մասին եք զրուցում նրանց հետ:
- Երբ այլ թեմայով հարցումներ ես անում, ադ հարցումները պիտի ցավցնե նրանց: Անոնք չեն ուզի գիտնալ շատ բաներ, որովհետև չեն ցանկանա մրցակցիլ գաղափարներու, մտքերու հետ: Մրցակիցը թշնամի չէ. ամենաառողջ բանն է մրցակցությունը, որովհետև մեկը մյուսի դեմ կպայքարի, որ ավելի լավը ըլլա, ոչ թե ցավեցնի իր եղբորը:
Մենք չորս եղբայր էինք, չորսս ալ շինարարության մեջ էինք։ Սկսանք միասին, բայց 10 տարի այդքան մեծացանք, ծավալվեցանք, որ ասացինք՝ ավելի լավ է մենք եղբայր ըլլանք, քան՝ գործընկեր: Բայց այդպիսով թշնամի չդարձանք, չէ՞: Բաժնվեցանք և մնացինք եղբայրներ ու ավելի լավ ապրեցանք կյանքը։ Ամենքս ալ գիտեինք, որ չորս տարբեր ընտանիքի աղջիկներ առած էինք, աղջիկներն էլ պիտի գային մեջտեղ,երեխաներն ալ։ Խելացի գտնվեցանք և բաժնվեցանք առանց պայքարի։ Մենք ալ Հայաստանում մեր տան մեջ ենք, բոլորս եղբայրներ ենք: Աս բանը պիտի իշխանությունը լավ գիտնա:
-Բայց տեսեք, արդեն 100 տարի է Սփյուռքը փոշիացնում է իր էներգիան միայն Ցեղասպանության վրա. այնինչ, խոստովանենք, թե՝ ոչ, այսօր Հայաստանի առաջին խնդիրը ժամանակակից մտքի, գաղափարների դեֆիցիտն է, այս նոր աշխարհում ինքնահաստատվելու խնդիրը: Բայց ուրիշ ինչ մանանա էինք ուզում երկնքից՝ անկախ պետություն ունեցանք և մի հիանալի ժամանակ, որից մեզ պես փոքր, ավելի շուտ՝ փոքրաթիվ երկրները կարող են ոսկի կորզել:
-Մեր ազատության, անկախության հաստատման առաջին օրը ես ուրախությունից ամբողջ գիշեր չքնեցի. երկրորդ օրը գնացի, նամակ տվեցի, թե կուզեմ այստեղի ժողովրդի համար Հայաստանում տուներ շինել։ Շատեր կերթային Ֆլորիդա, Նյու Յորք, Արիզոնայի տաքուկ տեղեր, որ պաղ տեղեր չմնան, ես ալ ըսի, եթե այդպես է՝ երթանք Հայաստան։ Հենց ադ մարդիկներն ունին ամենաշատ ուսումը, գաղափարներն ու դրամը: Բայց չկրցա համոզիլ։ Ինձի կըսեին՝ պարոն Վահագն, Հայաստան հանգիստ չէ, պատերազմ կա, ինչպե՞ս մենք մեր զավակները, մեր թոռներն առնինք ու հոն երթանք: Դարձյալ համոզեցի, ասի՝ մենք ավելի ուժեղ բանակ ունինք, հաղթել ենք Ադրբեջանը, երթանք հոն՝ երկիր: Չհամոզվեցին: Հետո ալ աս այլանդակ կոռուպցիան սկսվավ: Այսօր մեր վարկը կորցրած ենք Սփյուռքում։ Բայց երեխաներ կտեսնամ, կուգան այստեղ իրենց մեծ հոր, մեծ մոր հետ պտույտի. ադ երեխաները չեն ուզի հետ երթալ, կսիրեն երկիրը, բայց… Սփյուռքի սերը անհավատալի սեր է Հայաստանի հանդեպ։ Բայց վստահությունը կորսնցուցել են։
-Ինչո՞ւ, իշխանությունների պատճառո՞վ:
-Այո:
-Բայց արդյո՞ք ամբողջ աշխարհում կգտնվի առողջ մտածողությամբ մեկը, ով գոհ է իր երկրի իշխանությունից: Եվ այդ պատճառով արդյո՞ք մարդիկ դադարում են գաղափարներ, մտքեր արտադրել, ակտիվ գործել:
-Ես քեզ բան մը ասեմ. մեր քաղաքը մեր ավետարանն է՝ մենք ենք շինած տարբեր տարիներուն։ Չպետք էր այդ քաղաքի շենքերը փլեին, որովհետև անոնք ավետարանուն էջերն էին։ Ես երբ եկա, ամեն տեղերը, իշխանությունները ցույց կուտային թե ՝այստեղ փլենք՝ շինե, այնտեղ փլենք՝ շինե։ Ասի՝ ես փլող չեմ, ես շինարար եմ։ Երբեք տուն մը չեմ քանդած Ամերիկայի մեջ, որ այդ հողերուն վրա տուն շինեմ։ Չեմ գիտեր քանդելը։
-Անշուշտ, մարդկանց դժբախտության վրա երբեք ապահով տուն չի շինվի։ Եթե դու մարդուն քշում ես իր տնից, այդ տարածության, այդ էներգետիկայի մեջ մյուս ապրողը չի կարող երջանիկ լինել, որովհետև տունն էլ տիեզերական գոյություն է…
- Հավատա, երբ որ ճիշտ ես, վախ չունիս կյանքի մեջ։ Երբ կսկսիս խարդախիլ ինչպես ոճրագործը, ամեն մարդին ալ էլ կկասկածիս՝ աս մարդն է, որ պիտի ինձի բռնե, ան մարդն է, որ ինձնից պիտի իր վրեժը հանե, մինչև վերջ կասկածի մեջ ես: Կյանք չէ ադիկա: Այդպես կյանքը համ չի ունենա։ Պետք է կյանքը ապրիս առանց վախի, որ համ ունենա։
-Ձեզ, որ հանկարծ ընտրեին Հայաստանի նախագահ Դուք ի՞նչ կանեիք։
-Չէի ուզի։ Կհրաժարվեի: Ատիկա կպատկանի այստեղի ապրողին։ Այստեղ կան խելացի, հզոր մարդիկ, որ այդ գործը կրնան անել: Բայց պետք է մեկը, որ դուրսեն գա և իրեն խորհրդատու դառնա, Ամերիկայեն կամ Ռուսաստանեն քրտինքով դրամ շինած մարդ պետք է գա, հետը ըլլա, որ խորհուրդ տա՝ ճիշտ ճամփան ինչ է։
-Պարո՛ն Հովնանյան, մեզ գիտելիքը, ուսումը կփրկի միայն: Օրինակ, ես կարծում եմ, որ դիլիջանյան միջազգային դպրոցը կարող է իրավիճակ փոխել երկրում, հավատում եմ դրան: Բայց Դուք էլ, կարծեմ, ահագին լուրջ կրթական նախագծեր եք ֆինանսավորել, մեծ թվով ուսանողների: Ո՞ւր ենք նրանք, ո՞ւր են նրանց գործերը:
-Չեն գար, հոգիս, չեն գար Հայաստան, այդքան երիտասարդներու ուսում տված եմ, բայց չեն գար, չեն ուզեր: Ես ինչպե՞ս պնդեմ, երբ այստեղ անգամ Վեհափառը ինձ կըսե ՝ Վահագ, այս քու ըրածը դրամ շինելու ձև չէ, պետք է հայաստանցիներու նման աշխատիս։ Անկարելի է․ես չեմ կրնար անարդար մեկ բան անգամ ընել, ով կուզե, թող այլ բան խրատ տա ինձի՝ անկարելի է, չեմ ըներ:
- Երբևէ ունեցե՞լ եք անփող, ծանր օրեր, երբ ապրել չի եղել:
-Հարկավ: Որպեսզի այդպես չշարունակվեր, պետք էր խելքով աշխատիլ, զոռը գլխուն տալ: Պետք է գիտնաս կյանքի հետ ճիշտ շարժվիլը: Արթուն մնաս, որ ամեն բան լավ տեսնիս, նայես շարժումներուն, որ հասկընաս քո գործի ամենեն կարևոր պահերը՝ երբ արժեզրկում է, ամեն ինչ իջել է հատակը, դուն՝ ել, ակտիվ գործի՝ ապրանք առ, պաշար սարքե. վաղը հենց ադ է, որ քեզ կհարստացնե: Աս է դրամին գաղտնիքը, կարծեմ թե այլ գաղտնիք չկա:
- Պարո՛ն Հովնանյան, Դուք կարծեմ միլիարդատեր եք, իսկ միլիարդատիրոջ մոտ փողի ուժն ու զորությունը կասկածի տակ առնելը, միգուցե, կոռեկտ չէ: Բայց ես ուզում եմ անկեղծ լինել Ձեզ հետ և ասել, որ օրինակ իմ կյանքի ամենաերջանիկ օրերին ես կոպեկ անգամ չեմ ունեցել: Ու հիմա էլ վատ եմ հասկանում, թե ինչ կապ ունի փողն իրական երջանկության հետ: Ավելին, ինձ թվում է, որ հարուստների հետ մարդիկ անկեղծ զրույցներ էլ չեն ունենում, օրինակ քչերը կասեն հարուստ մարդուն, որ, այ սիրելիս, ախր այս վերնաշապիկը Ձեզ բացարձակ չի սազում, հանեք:
-Ես էլ քեզի անկեղծ կըսեմ. ես շատ դրամ երբեք չեմ բազմացուցած, միշտ ես տվել, բաժանել եմ: Ես գիտեմ չափս, որքան պետք է ինձի համար, իսկ մնացածը կբաժնիմ, որ ագահ չըլլամ դրամով, ծառա չըլլամ դրամիս։ Օրինակ, եղբայներս շատ կոնսերվատիվ կապրեին, բայց ես ուզած եմ ավելի մեծ շրջանակներ ունենալ, շատերի հետ նստիլ, վեր կենալ, խենթությունների տրվիլ, կյանքի համն առնիլ:
- Ձեր կառուցած թաղամասում ապրողների կյանքը, կենցաղը, արժեքները Ձեզ դու՞ր են գալիս։
-Չեղավ ան, ինչ կերազեի։ Կերազեի ըլլայինք սփյուռքահայությունով այստեղ և միասին ապրեինք, միասին աշխատեինք, նոր գաղափարներ ու մտքեր սփռեինք Հայաստանին մեջ:
-Ձեզ խաբվա՞ծ եք զգում:
-Օ, ոչ, երբեք: Երբեք չեմ զգացել խաբված։
-Ինչպե՞ս. ոչ մի հարցում Ձեզ չեն խաբել։
-Երբեք։ Ինձ հնարավոր չէ խաբել:
-Օրինակ՝ ինձ շատ են խաբում.չնայած մի առանձնապես բարի դեմք էլ չունեմ, ինչպես տեսնում եք:
-Ամբողջ խոսքիդ հավատում էի, այս վերջինին թերահավատորեն կնայիմ:
-Դե, պարոն Հովնանյան, այստեղ, երկրի վրա ամբողջը թատրոն է, ում որ դերը դուր է գալիս, այն էլ խաղում է. խոնարհներ չկան, բոլորն ուզում են հերոսանալ, բայց այս ամբողջ ժապավենը Վերինը վերևում դեռ պտտելու է հազար անգամ, չէ՞:
-Գիտե՞ս, մենք խառնված ենք. երեք Աստված ունինք՝ Աստված, Տղան և Սուրբ Հոգին։ Եվ դրախտն ու դժոխքը հոս է։Ես դրախտի համար չեմ ապրիր. հոս է իմ դրախտը։ Ես եմ իմ դրախտն ու դժոխքը շինողը: Անոնք, որոնք խաբեբա են կամ մարդասպան արդեն դժոխքի մեջ են: Մարդը շինած է դժոխքը աս հողին մեջ։ Պետք է այնպես ապրիս, որ աս կյանքը քո դրախտը ըլլա, ոչ թե՝ դժոխքը։ Վատ կյանքով ապրող մեկը չի կրնա ազատ ապրիլ։ Այդպես ապրող հարուստը հենց ամենեն աղքատ մարդն է ու ամենեն վախկոտը, ամենավախկոտը: Ադ մարդիկ ազատ չեն. գլխավորը ազատությունն է: Սպասե, ան տղան տեսնինք ինչ ըրավ ան արծիվը, վար իջնեմ իմանամ՝ բժշկեցին թևը, թե՝ ոչ, դուն տեսա՞ր, որ վիրավոր էր…
շարունակելի
Զրուցեց ՎԱՐԴուհի Սիմոնյանը










