Ռուսաստանը Հայաստանից կպահանջի սահմանափակել նորվեգական ձկնեղենի ներմուծումը

20:07 • 22.08.15

«Ռոսսելխոզնադզորը»` Ռուսաստանի Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկման դաշնային ծառայությունը, նամակներ է պատրաստում, որոնք հղելու է Բելառուսին, Ղազախստանին ու Հայաստանին` նորվեգական ձկնեղենի ներմուծման սահմանափակման պահանջով:


ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ կերպ «Ռոսսելխոզնադզորը» փորձում է հասնել նրան, որ Եվրասիական տնտեսական միությունում արգելվի նորվեգական ձկնեղենի ներմուծումը:


Սահմանափակման պահանջը վերաբերում է 14 նորվեգական ընկերությունների արտադրանքին և գործելու է ս/թ օգոստոսի 24-ից:


«Ռոսսելխոզնադզորի» այս քայլը տեղի է ունենում նորվեգական ընկերությունների հետ Ռուսաստանի տարաձայնությունների ֆոնին. նախօրեին հայտնի էր դարձել, որ Նորվեգիան «Ռոսսելխոզնադզորի»` իր ձկնային ընկերություններում ստուգումներ անցկացնելու պահանջը մերժել է:


Աղբյուրը նշում է, որ նորվեգական ձկնեղենը Ռուսաստանում Արևմուտքի նկատմամբ հակընդդեմ պատժամիջոցների տակ հայտնված մթերքների շարքում է, և Մոսկվան այսկերպ փորձում է սահմանափակել դրա մուտքը Եվրասիական տնտեսական միության երկրների միջոցով:
 

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավարությունից ասել են, որ համապատասխան նամակը հղվելու է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, իսկ այդ ընթացքում հայտնաբերված «ապօրինի» ձկնեղենը ոչնչացվելու է:


Նորվեգական ձկնեղենը Ռուսաստանում արգելվել է անցած տարվանից` Արևմուտքի պատժամիջոցների դեմ ռուսաստանյան հակընդդեմ պատժամիջոցների շրջանակներում: