Հեղաշրջում Ռուսաստանում. Forbes-ի կանխատեսմամբ՝ Վ. Պուտինին կարող են հեռացնել իշխանությունից
InoSMI.ru ռեսուրսը ներկայացրել է ամերիկյան Forbes-ի անդրադարձը, որում կանխատեսում է արվում, թե Ռուսաստանի Նախագահը հնարավոր է՝ առաջիկայում հեռացվի իշխանությունից և որ դա արվելու է հենց ռուսաստանյան իշխանական վերնախավի կողմից:
«Պուտինի դեմ դանդաղ պուտչը արդեն իսկ սկսվե՞լ է» խորագրով անդրադարձում ի մի են բերում որոշ ռուսաստանյան ԶԼՄ-ների համանման կանխատեսումներ:
Նկատվում է, որ Կրեմլի էլիտան, որին ոմանք անվանում են «Քաղբյուրո 2.0», ներկա դրությամբ որոշում է Պուտինի` իշխանությունից հեռանալ-չհեռանալու հարցը, քանի դեռ նա էլ ավելի չի փչացրել իրավիճակը:
Այսպես կանխատեսում է արվում, որ առաջիկա շաբաթներին ռուսաստանյան քաղաքական վերնախավում արմատական փոփոխություններ են տեղի ունենալու: Ըստ այդմ էլ` միջոցներ ունեցող ռուսաստանցիներին խորհուրդ է տրվում իրենց ընտանիքներով հանդերձ մեկ ամսով հեռանալ երկրից:
Աղբյուրը Ռուսաստանին անվանում է բացահայտ կլեպտոկրատիկ պետություն, որտեղ առաջնորդները թալանել են ազգային հարստությունների մեծ մասը: Նշվում է, թե աշխարհի մյուս առաջնորդներին մտահոգություններ պատճառող պուտինյան Ռուսաստանի քաղաքականությունը լրջորեն անհանգստացնում է նաև Ռուսաստանի իշխանական էլիտային: Ավելին, այդ էլիտան անգամ ազդակներ է ուղարկում Արևմուտքին, թե «ամեն ինչ որոշելու է առաջիկա շաբաթներին»:
Նկատվում է, որ անկումային տնտեսության ու պայթունավտանգ քաղաքական դրության մեջ միակ «ձեռքբերումը», որ ունեն ռուսաստանցիները... Ղրիմն է: Ռուսաստանցի ժողովուրդը պուտինյան պրոպագանդայի զոհ է անվանվում: Սակայն նշվում է, որ ի տարբերություն ժողովրդի, «Քաղբյուրո 2.0»-ն շատ լավ հասկանում է, թե ինչ ծանր տնտեսական վիճակում է Ռուսաստանը, իսկ Պուտինի քաղաքականության մեջ ոչ մի լավ բան չի տեսնում:
Ուստի այժմ Ռուսաստանի քաղաքական էլիտան փորձում է հասկանալ` որոնք են լինելու Պուտինի հաջորդ քայլերը և արդյո՞ք էլիտան ցանկանում է շարունակել ճանապարհը նրա հետ:
Շատերն են կանխատեսում պուտինյան ռեժիմի ավարտ, սակայն առայժմ անհայտ է` ինչպես դա տեղի կունենա: Լինելով երկրի ընտրված Նախագահ՝ Պուտինը կա՛մ պետք է հեռանա պաշտոնից, կա՛մ նրա գոյությունը պետք է դադարի: Որոշ բաներ թույլ են տալիս ենթադրել, որ Պուտինի դեմ քայլերը սկսվել են նրա ամենամերձավոր կողմնակիցների դեմ քայլերից, ինչպիսիք են մամուլի հարձակումները նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, «Ռուսաստանյան երկաթգծերի» արդեն նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինի, Պուտինի մանկության ընկեր, գործարար Գենադի Տիմպենկոյի, Պուտինի նախկին անձնական թիկնապահ Վիկտոր Զոլոտովի և այլոց դեմ:
Իսկ ինքը Պուտինը այս իրավիճակում կարծես գործում է «Ընկերների հետ մոտ, թշնամիների հետ՝ էլ ավելի մոտ» սկզբունքով. այսպես օրինակ՝ Ղրիմ իր այցի ժամանակ նա իր հետ տարել էր իր կառավարության 4 գլխավոր անդամներին:










