Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստվում են Սիրիայում ԻՊ-ի դեմ համալիր օդային գործողություն իրականացնել

16:43 • 24.08.15

Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերին օդային հարվածներ հասցնելու մասին։ Այդ մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ТАСС-ը:

 

«Երեկ՝ կիրակի օրը, բանակցություններ են անցկացվել տեխնիկական հարցերի շուրջ: Կարճ ժամանակում ԻՊ-ի դեմ համալիր գործողություն կսկսենք։ Դրան կկարողանան միանալ նաև Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Քաթարը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան»,- ասել է նա:

 

Նախարարի խոսքով՝ հարվածները կհասցվեն Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքներում, որտեղ ավելի վաղ Անկարան պատրաստվում էր անվտանգության գոտի ստեղծել։

 

«Այդ գործողությունը կլինի նաև նախագահ Բաշար ալ-Ասադին ուղղված ուղերձ և կօգնի ճնշում գործադրել նրա վարչակազմի վրա, որպեսզի նա բանակցությունների սեղանի շուրջ նստի ճգնաժամի քաղաքական լուծման որոնման համար»,- նշել է Չավուշօղլուն:

 

Նա նաև հավելել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը «չի լինի ԻՊ-ից ազատ գոտու մաս, եթե կտրուկ չփոխի իր դիրքորոշումը»։