Հայկ Կյուրեղյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է տեղի է ունենում. Արմենակ Կյուրեղյան

15:28 • 25.08.15

 

Մեղադրող դատախազի կողմից Հայկ Կյուրեղյանին 14 տարվա ազատազրկման դատապարտելու պահանջը ապացուցում է՝ դատավարությունը քաղաքական հաշվեհարդար է վերջինիս նկատմամբ: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:


«Ընդհանրապես ինչի՞ համար է պատիժը, որպեսզի մյուսների համար դաս լինի, ու չփորձեն օրինակ վերցնել, բայց չգիտեն, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր չեն վախենում պատժից ու հանուն արդարության ու իրենց երկրի, պատրաստ են ամեն ինչի: Անսպասելի չէր դատախազի առաջարկած պատժաչափը, որովհետև բոլորս էլ գիտենք՝ ում հետ գործ ունենք, այսօր մեր երկիրն այսպիսին է»,- ասաց նա:
 

Միաժամանակ Արմենակ Կյուրեղյանը վստահություն հայտնեց, որ տղան 14 տարի չի անցկացնի բանտում, որովհետև հայ ժողովուրդը գործող իշխանությանը 14 տարի չի դիմանա: «Կա՛մ Հայաստան պետությունը կկործանվի, կա՛մ գոյություն կունենա ու կապրենք ազատ»,- ասաց նա:
 

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի օրը, գտնվելով հասարակական վայր հանդիսացող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք։

 

Դատական գործի սկզբում Հայկ Կյուրեղյանի պաշտպան նշանակված Անժելա Հոբոսյանը, ում ծառայությունից թեև Հայկը հրաժարվել էր՝ համարելով, որ չունի պաշտպանի կարիք, հետևել է ողջ դատական գործընթացին և այսօր եկել է այն եզրակացության, որ առաջարկված դատավճիռը անհամաչափ է:

 

«Գիտենք, որ պարբերաբար Կյուրեղյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել և նա չի մասնակցել դատավարությանը, չի ունեցել պաշտպան, փաստորեն նրա պաշտպանությունը չի իրականացվել: Իսկ մեղադրանքը հիմնավոր չէր, քանի որ ինչպես նշվում էր ելույթում ոստիկանները Հայկ Կյուրեղյանի գործողություններից վնասվածքներ են կրել, սակայն նույն դատարանում ցուցադրված տեսանյութում ընդհանրապես չէր երևում, որ որևէ մեկը վնասվածք ստացած լինի»,-ասաց նա:


Նշենք, որ դեպքի օրը Հայկ Կյուրեղյանը մասնավորապես բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված մի ավտոմեքենայի տանիքի վրա և իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի, և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ և դիտավորությամբ նրանց առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ: