Մեծ Բրիտանիայում անօրինական աշխատողներին պատրաստվում են բանտ նստեցնել

09:56 • 25.08.15

Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկում է մինչև վեց ամիս ազատազրկման ժամկետով պատժել նրանց, ովքեր երկրում աշխատում են առանց անհրաժեշտ փաստաթղթերի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ներգաղթի մասին օրենքի նախագծում, որը պետք է դրվի բրիտանական խորհրդարանի քննարկմանը, ներառված են նաև անօրինական ներգաղթյալների աշխատանքի ընդունող ռեստորանների և խանութների դեմ պայքարի միջոցներ: Այդ ձեռնարկությունները կզրկվեն արտոնագրերից, եթե պարզվի, որ իրենց աշխատակիցները չունեն աշխատանքի թույլտվություն:

 

Որպես պատժի այլընտրանքային տարբերակ՝ նախատեսված է տուգանք և աշխատավարձի առգրավում։

 

Ներգաղթի հարցերով փոխնախարար Ջեյմս Բրոքենշիրը հայտարարել է, որ իշխանությունները կշարունակեն պայքարել համակարգի չարաշահման դեմ։

 

Օրենքի նախագծի հեղինակները ցանկանում են այնպես անել, որ օրենքի տակ հայտնվեն նաև տաքսու վարորդները և օպերատորները։