Կայուն մեծամասնության հարցում խնդիրը համահունչ է Հայաստանի քաղաքական միջավայրին. Վենետիկի հանձնաժողով

14:08 • 25.08.15

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ Հայաստանի Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց նախագծի 89-ի հոդվածի (Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը) 4 կետի առնչությամբ՝ մտահոգություն հայտնելով, իր ձևակերպմամբ, ընտրությունների երկրորդ փուլում քաղաքական մեծամասնությանը տրվող մենաշնորհի շուրջ և խնդրելով եվրոպացի պաշտոնյային ներկայացնել իր տեսակետն այդ կապակցությամբ:
 

Վենետիկի հանձնաժողովի (Ավստրիա) ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարտերն ուշադրություն հրավիրեց քաղաքական կայունության բաղադրիչի և դրան նպաստող երեք հիմնական եղանակների վրա՝ ասելով, որ դա իսկապես կարևորագույն հարց է, որի մասին իրենց նախնական գնահատականում հայտնել են իրենց կարծիքը:
 

«Ես կփորձեմ այդ հարցին պատասխանել՝ հաշվի առնելով երեք հիմնական փուլ: Առաջին՝ հաշվի առնելով սահմանադրական իրավունքի փորձը ողջ Եվրոպայում՝ Վենետիկի հանձնաժողովը իր բոլոր գնահատականներում գտնում է, որ քաղաքական կայունությունն իսկապես սահմանադրության ստեղծման  նպատակ է՝ օրինական նպատակ»,– ասաց նա:
 

Երկրորդ կետը, ըստ նրա, այն է, որ կան կայունության ստեղծման տարբեր եղանակներ, և տարբեր երկրներում նրանք խիստ տարբեր են: «Ուստիև պատասխաններն էլ են տարբեր՝ կախված կոնկրետ երկրից: Ահա այստեղ է, որ մեր խնդիրը համահունչ է տվյալ երկրի քաղաքական միջավայրին: Մենք 2-րդ փուլի առնչությամբ հայտնել ենք մեր մտահոգությունները: Մենք հստակ նշել ենք մեր տեսակետները և եկել ընդհանուր եզրահանգման, որ ի սկզբանե գոյություն ունի երկու խնդիր: Առաջին՝ միայն սահմանադրությամբ հնարավոր չէ այս հարցին տալ որոշակի սպառիչ պատասխան: Երկրորդ, այս դրույթը, չնայած մեր արձագանքին, ավելի երկար ու բարդ ստացվեց: Ուստի՝ խնդիրը այն ավելի կարճ դարձնելն է՝ թույլ չտալու համար հռչակել կայունություն երաշխավորելու միայն մեկ եղանակ»,– ասաց նա:


Քրիստոֆ Գրաբենվարտերը նշեց, որ այսպիսով, Սահմանադրությունը, բուն փաստաթղթի մակարդակով, «չպետք է 100 տոկոսով պարտադրի կայունության ստեղծման միայն մեկ ճանապարհ»:  «Պետք է համապատասխան իշխանություններին տրվի ընտրության հնարավորություն: Եվ եթե կայունության ստեղծմանը նպաստող բաղադրիչներն արտացոլված լինեն Սահմանադրությունում, դրա հնարավորությունը կնվազի: Ուստի լավ կլինի, որ բարեփոխումներով զբաղվող հանձնաժողովը լսի այս ուղերձը և ստեղծի բարենպաստ պայմաններ դրա համար: Մեր քննարկումներում նշել ենք Վենետիկի հանձնաժողովի հետաքրքրվածություն ունի այս խնդրի առնչությամբ և եկել ենք ընդհանուր եզրահանգման, որ պետք է փոփոխել այն, ինչ այժմ ունենք սեղանին»,– ասաց նա: