Թուրքիայում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատված
Կարս նահանգում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատված, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Հաղորդվում է, որ պայթյունը կազմակերպել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինյալները: Ներկայում գազի հոսքն այդ խողովակաշարով դադարեցվել է:
Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հաստատել է, որ գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողության հետևանք է:
Նա նշել է, որ պայթյունից հետո կրակը տարածվել է, հրշեջներն անվտանգության նկատառումներով փակել են տարածքը:
Բնակիչները ևս, լսելով պայթյունի հուժկու ձայնը, դուրս են եկել փողոցներ: Կրակի բոցերը տեսանելի են եղել Կարսի և Էրզրումի որոշ շրջաններից:










