Գրոհայիններն ականանետներից կրակ են բացել Դամասկոսի և Հալեպի ուղղությամբ, կան զոհեր և տուժածներ

10:45 • 25.08.15

«Ջեյշ ալ-իսլամ» խմբավորման գրոհայինները գիշերն ականանետներից կրակ են բացել Դամասկոսի արևելյան հատվածի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է «Սուրիա ալ-Էն» տեղեկատվական կայքը՝ վիրավորվել է 11 մարդ։

 

Ավելի վաղ 2 անգամ հարձակման են ենթարկվել Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերը։ Ոստիկանությունում հայտնել են, որ նախ փողոցներում ընկել է ավելի քան 40 հրթիռային արկ, այնուհետ ևս 11-ը։

 

Մահացել է 3-ամյա երեխա, ավելի քան 30 քաղաքացիներ վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել են շատ տներ, այրվել է 9 ավտոմեքենա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Հրթիռները նետվել են մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում, ինչպես նաև քաղաքի հին հատվածում, որտեղ քրիստոնյաներ են ապրում։

 

Սիրիական ռազմաօդային ուժերը և հրետանին պատասխան հարվածներ են հասցրել։

 

Հալեպ քաղաքում հրթիռակոծության հետևանքով մահացել է 8 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 3 երեխա։ Հյուսիսային մայրաքաղաքում իրավիճակը վատթարանում է։ Ականատեսները փոխանցում են, որ փողոցներում առնվազն 50 հրթիռ է ընկել։