Ադրբեջանում ավարտվել է Սիրիայում մարտերի մասնակցած զինյալների դատավարությունը
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր ավարտվել է Սիրիայում մարտերին մասնակցած Բախտիյար Շահբազիի, նրա որդու՝ Բահրուզ Շահբազիի և Սադիգ Մամեդզադեի գործով դատավարությունը։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Բախտիյար Շահբազին դատապարտվել է 14, Բահրուզ Շահբազին՝ 12, իսկ Սադիգ Մամեդզադեն 14 տարվա ազատազրկման։
Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 279.1 (Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբերի կամ խմբավորումների ստեղծում, զինում), 28 և 283-1.3 ( Կրոնական նպատակներով Ադրբեջանի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող մարդկանց շրջանում քարոզչություն իրականացնելը, կամ նրանց երկրի սահմաններից դուրս առկա հակամարտություններում ներգրավելը, այդ նպատակով ուսուցման կազմակերպում, խմբերի ձևավորում) հոդվածներով։
Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ նրանք ծայրահեղ կրոնական և ռազմական ուսուցում են կազմակերպել անօրինական զինյալ խմբավորումների կազմում, սովորեցրել են կրակել տարբեր զենքերից և մասնակցել են մարտերի։










