Բեյրութում աղբահանության խնդրին նվիրված բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել մոտ 40 ցուցարար (լուսանկարներ)
Բեյրութի կենտրոնում՝ կառավարության շենքի մոտ, աղբահանության խնդրին նվիրված և կառավարության հրաժարականը պահանջող բողոքի ցույցը կրկին վերաճել է ոստիկանության հետ բախումների։ Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, ոստիկաններն ավելի քան 40 ցուցարարի են բերման ենթարկել, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք դուրս էինք եկել խաղաղ ցույցի, մեր տղաները փորձում էին սահմանափակել սադրիչներին՝ բախումներից խուսափելու համար։ Մենք խնդրում էինք մեր ընկերներին հեռանալ հրապարակից և շարունակել ցույցը վաղը։ Երբ մնացին միայն սադրիչները և մենք՝ մի խումբ մարդիկ, ովքեր չէին հասցրել հեռանալ, ոստիկանությունը սկսեց հարվածել բոլորին, մեզանից մոտ 40-ին տարան ոստիկանական բաժանմունք։ Այժմ մենք ոստիկաններին համարում ենք մեր հակառակորդները»,- ասել է Լիբանանի «Իթիհադ աշ-Շաբաբ ալ- Դիմոկրատի» կոմերիտական շարժման քաղբյուրոյի անդամ Ադնան Մոքդադը։
Ակտիվիստները, որոնք բաժանվել են փոքր խմբերի, ակցիա են անցկացնում ոստիկանական բաժանմունքների մոտ՝ պահանջելով ազատ արձակել իրենց ընկերներին։
Интерфакс-ը փոխանցում է, որ երկրի նախարարների կաբինետը չի եկել միասնական կարծիքի մայրաքաղաքի փողոցներում լցված աղբի մաքրման հարցի շուրջ։
Վարչապետ Թամամ Սալամի խոսքով՝ առաջարկվող ծառայությունների բարձր գները երկրի բյուջեն չի կարող վճարել։ Կաբինետի 6 նախարարներ, որոնց աջակցում է «Հըզբոլլահ» խմբավորումը, պատրաստ են հեռանալ կառավարությունից։
Լուսանկարները՝ Reuters-ի










