Լուրերը, թե Թուրքիան համագործակցում է ահաբեկչական խմբավորումների հետ, ստոր զրպարտանք են. Թուրքիայի ԱԳՆ

13:12 • 26.08.15

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հերքել է մեղադրանքները, թե Թուրքիան ահաբեկիչներին օգնել է առևանգել սիրիացի ապստամբներին, գրում է «Հուրրիյեթը»։

 

Բիլգիչը պատասխանել է արտասահմանյան մամուլում տեղ գտած պնդման մասին հարցին, համաձայն որի Թուրքիայում գործող ամերիկյան բազայում պատրաստություն անցած սիրիացի ապստամբները «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից առևանգվել են հենց Թուրքիայի օգնությամբ։

 

«Պնդումները, թե Թուրքիան հարաբերություններ ունի այնպիսի խմբավորումների հետ, որոնց ահաբեկչական է համարում, ստոր զրպարտություն է»,-ասել է նա։ Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, թե որևէ ապացույց չկա, որ սիրիացի ապստամբներն առևանգվել են Թուրքիայի կողմից մատնությունից հետո։