Աստանայում կայացել է ԵՏՄ անդամ պետությունների գլխավոր դատախազների հանդիպումը

21:00 • 26.08.15

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Աստանայում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի,  Բելառուսի և Ղրղըզստանի իր գործընկերների հետ: 


Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը, քննարկվել է ԵՏՄ անդամ պետությունների միջև իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵՏՄ շրջանակում տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետ կազմակերպման համար անդամ պետությունների դատախազությունների միջև համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը:

 

Բելառուսի  Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնապես հրավիրել է այցելել Բելառուս, որտեղ և նախատեսվում է կնքել ՀՀ և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունների միջև նոր համաձայնագիր: Երկու երկրների գլխավոր դատախազները տեղում հանձնարարականներ են տվել համապատասխան ոլորտների ղեկավարներին մինչև նոյեմբեր պատրաստել նոր համաձայնագրի տեքստը:

 

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբաևի հետ հանդիպման ժամանակ ԵՏՄ-ի հետ կապված հարցերից և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկումից զատ, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազը հետաքրքրություն հայտնեց ուսումնասիրելու ՀՀ դատախազության հարուստ փորձը` եվրոպական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ շփման ոլորտներում:

 

Ղըրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ինդիռա  Ջոլդուբաևայի հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորեց նրան Ղըրղզստանի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում քննարկվեց հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: