Նիդերլանդներում մեկնարկել է ՀՀ դատական համակարգի անկախության և հաշվետվողականության ուժեղացման ծրագիրը

15:52 • 26.08.15

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած փորձագետների պատվիրակությունը մասնակցում է Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում օգոստոսի 23-ին մեկնարկած «ՀՀ-ում դատական համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ուժեղացման» ԵԽ/ԵՄ համատեղ հնգօրյա ծրագրին:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացելով քննարկումների շարքը՝ նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարևորել է օրենսդրական բարեփոխումների գործընթացում Եվրոպայի Խորհրդի հետ ունեցած սերտ համագործակցությունը և գոհունակությամբ ընդգծել հոլանդացի մասնագետների կատարած ծավալուն խորհրդատվական աշխատանքը:
 

Նախարարի տեղակալը խնդիր է դրել երկկողմանի քննարկումների արդյունքում գտնել այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն ինչպես եվրոպական չափանիշներին, այնպես էլ Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ուղղվածությանը և առկա հիմնախնդիրներին։

 

Հանդիպումների ընթացքում օրենսդրական բարեփոխումներում ներգրավված հայաստանյան փորձագետները Մաստրիխտի համալսարանի Եվրոպական իրավունքի ինստիտուտի գործընկերների հետ քննարկել են ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացում Մաստրիխտի համալսարանի փորձագետների առաջարկությունները, ինչպես նաև կատարվել է նշված օրենսգրքերին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ լավագույն փորձի փոխանակում:

 

ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ Նախագահի կարգադրությամբ: