Օլանդը Սիրիայում ճգնաժամի կարգավորման 3 պայման է նշել

13:43 • 26.08.15

Լուսանկարը՝ fraza.ua-ի

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի «չեզոքացումն» անհրաժեշտ նախապայման է եղել երկրում ճգնաժամը լուծելու համար, գրում է segodnya.ua-ն՝ հղում անելով AFP-ին։

 

«Մենք պետք է նվազեցնենք ահաբեկիչների ազդեցությունը՝ առանց Ասադին պահպանելու։ Այդ երկուսը փոխկապակցված են։ Մենք պետք է ստեղծենք քաղաքական անցում Սիրիայում, դա անհրաժեշտություն է»,- ասել է Օլանդը։

 

Ֆրանսիացի նախագահը նշել է 3 պայման ճգնաժամը լուծելու համար, որոնցից առաջինը Ասադի «չեզոքացումն» է։

 

Երկրորդ պայմանը՝ «ամուր երաշխիքներ առաջարկել ընդդիմության բոլոր չափավոր ուժերին, մասնավորապես՝ սուննիներին և քրդերին, պետական կառույցները և Սիրիայի միասնականությունը պահպանելու համար»։

 

Վերջին պայմանը, որն Օլանդը «որոշիչ» է համարում, պետք է լինի հակամարտությանը մասնակցող տարածաշրջանային սուբյեկտների միավորումը։

 

«Ես մտածում եմ Պարսից ծոցի երկրների մասին, ես մտածում եմ նաև Իրանի մասին։ Թուրքիան նույնպես պետք է միանա «Իսլամական պետության» դեմ պայքարին և վերսկսի երկխոսությունը քրդերի հետ»,- հայտարարել է Օլանդը։

 

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը կտրուկ է արձագանքել Օլանդի ելույթին՝ նշելով, որ «դա կոպիտ միջամտություն է երկրի ներքին գործերին և ցույց է տալիս, որ Ֆրանսիան նպաստում է սիրիացիների արյունահեղությանը»։