Վաշինգտոնի կենդանաբանական այգում բնակվող պանդան հրաժարվում է կերակրել իր նորածին ձագերից փոքրին (լուսանկարներ)
Վաշինգտոնի ազգային կենդանաբանական այգում Մեյ Սյան անունով պանդայի երկու նորածին ձագերից մեկը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում մոր կողմից, քան մյուսը, որը չափերով ավելի մեծ է: Այդ մասին հայտնել են կենդանաբանական այգում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեյ Սյանը թույլ չի տալիս կենդանաբանական այգու աշխատակիցներին իր մոտ բերել փոքր ձագին՝ նախընտրելով կերակրել իր ավելի խոշոր ձագին։
Կենդանաբանական այգու աշխատակիցները մտադիր են շարունակել իրենց ջանքերը, որպեսզի Մեյ Սյանն ուշադրություն դարձնի նաև իր փոքր ձագի վրա:
Այժմ կենդանաբանական այգու աշխատակիցները կերակրում են ձագին և հետևում նրա քաշին, որը մոր հետ հարաբերություններում դժվարությունների պատճառով անկայուն է մնում: Հատուկ դրա համար կենդանաբանական այգի են ժամանել այլ նահանգներից փորձագետներ:
Փոքր ձագը ծնվելու ժամանակ կշռել է 86 գրամ, մինչդեռ մյուս ձագի քաշը եղել է 138 գրամ:
Ինքը՝ 17-ամյա Մեյ Սյանը, 108 կիլոգրամ է:
Երկու ձագերը, որոնք դեռ անուն չեն ստացել, Մեյ Սյանի առաջին ձագերը չեն: Նրա առաջինը ձագը՝ Տայ Շանը, ծնվել է 2005 թվականին և 5 տարի անց վերադարձել Չինաստան։ Երկրորդ ձագը՝ Բաո Բաոն, վերջերս դարձել է երկու տարեկան: 2012 թվականին ծնված ձագն ընդամենը մեկ շաբաթ է ապրել, իսկ ևս մեկը մահացած է ծնվել:
Մեծ պանդաները ոչնչացման վտանգի տակ են գտնվում: Այս տեսակը չափազանց ցածր պտղաբերություն ունի, հատկապես՝ անազատության մեջ։












