Հայտնաբերվել է 2013–ին Տավուշում սպանություն կատարած կասկածյալը (տեսանյութ)

09:26 • 26.08.15

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օգոստոսի 25-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, մայրաքաղաքում հայտնաբերել ու բերման են ենթարկել 1979 թվականին ծնված, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին:

 

Ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից նա հետախուզվում էր դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն), 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 258-րդ (խուլիգանություն):
 

Արագած Թամրազյանը կալանավորված է, քննությունը վարում է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը: