Ռուսաստանում ցանկանում են ավտոերթն ու հեծանվաերթը հավասարեցնել ցույցերին
Ռուսաստանի Դաշնությունում որոշել են ավտոերթն ու հեծանվաերթը հավասարեցնել ցույցերին, իսկ հանրային վայրերում վրանները՝ պիկետների, որոնք պահանջում են իշխանությունների հետ համաձայնեցում, գրում է korrespondent.net-ը։
Կառավարական հանձնաժողովը հավանության է արժանացրել Ներքին գործերի նախարարության մշակած օրենքի նախագիծը, որը հանրային միջոցառումներին է հավասարեցնում ցանկացած տրանսպորտային միջոցով խմբային տեղաշարժը, ինչպես նաև հասարակական վայրերում վրանների տեղադրումը:
Օրենքի նախագիծը նախատեսում է ցույց համարել ցանկացած տրանսպորտային միջոցով խմբային տեղաշարժը, եթե ենթադրվում է «հասարակական տրամադրությունների կազմակերպված հրապարակային արտահայտում»։
Այժմ, եթե օրինագիծը հավանության արժանանա խորհրդարանում, վրաններով, հեծանիվներով և մոտոցիկլներով ակցիաների կազմակերպիչները պետք է համաձայնեցնեն դրանց անցկացումն իշխանությունների հետ, ինչպես նաև հանրահավաքների մասին օրենքով նախատեսված պատասխանատվություն կրեն մասնակիցների կողմից օրենքի և հասարակական կարգի պահպանության համար:










