Նախքան ամուսինը կդանակահարեր կնոջը, գեղադիրցի զույգի տանը մեծ վեճ է եղել

16:40 • 26.08.15

 

Ամուսնու դանակահարության զոհ դարձած գեղադիրցի կնոջ ու ամուսնու միջև, ըստ հարևանների, անհաշտություն կար, և երեկ էլ մեծ վիճաբանություն է եղել Գրիգորյանների ընտանիքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղադիրի գյուղապետ Գնել Գևորգյանի կինը:
 

«Որ մեջներն անհաշտություն կար, լսում էինք պարբերաբար: Հարևանները, երբ գալիս էի դպրոցի ճանապարհից, պատմեցին, որ երեկ ձենները գալիս էր, մեծ կռիվ էր: Մեկն էլ ասաց, որ շատ հաճախ տղաս էր գնում, բաժանում»,- նշեց գյուղապետի կինը՝ հավելելով, որ Գրիգորյան ամուսինները, ամուսնացրած լինելով դստերը, բնակվել են որդու, հարսի և թոռների հետ:

 

Հիշեցնենք, որ երեկ Գեղադիր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 1960 թ. ծնված Գևորգ Գ.-ն տանը դանակով անսպասելի կերպով հարվածել է կնոջ` 1963 թ. ծնված Գայանե Գրիգորյանի կրծքավանդակի աջ վերկրծքային շրջանին, ինչի հետևանքով վերջինս «շտապօգնության» ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:



Տիկին Գևորգյանը նշեց, որ չնայած խոսում էին, որ ամուսինը հոգեկան շեղումներ ունի, մինչ այդ  ոչ մի վատ բան  նրանից չի տեսել, նրա մասին չի լսել, ավելին, երբ տեսել, ջերմ բարևել է: Ըստ նրա, սպանված Գայանե Գրիգորյանն աշխատասեր կին էր, վարձատրության դիմաց գնում էր, ուրիշների կովերն էր կթում: Իսկ ամուսինն էլ տանում և բերում էր գյուղի նախիրը: