Բաթումում հայտնի «Ալի և Նինո» արձանի վնասման համար Սաակաշվիլին մեղադրել է Իվանիշվիլիին
Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին Բաթում քաղաքում «Ալի և Նինո» պտտվող արձանի վնասման համար, գրում է apsny.ge-ն։
Հայտնի քանդակը վնասվել է օգոստոսի 26-ին ապամոնտաժման ժամանակ։ «Բաթումի բուլվար»-ի վարչակազմի հաղորդագրության համաձայն՝ որոշվել է քանդակը տեղափոխել մի քանի տասնյակ մետր հեռու։ Ապամոնտաժման ժամանակ պարանը պոկվել է, և քանդակներից մեկը վնասվել է։ Վարչակազմում նշում են, որ դա կշտկվի։
«Այսօր Բաթումում ռուս օլիգարխ Իվանիշվիլիի հանձնարարությամբ քանդվել է Ալիի և Նինոյի շարժվող արձանը»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան էջում։
«Ալի և Նինո» արձանը, որն անվանում են «սիրո արձան», տեղադրվել է 2011-ին՝ Սաակաշվիլիի իշխանության օրոք։ Զբոսաշրջիկների կողմից սիրված արձանի հեղինակն է Թամար Կվեսիտաձեն։











