Ղազախստանն ու ԱԷՄԳ-ը պայմանավորվել են քիչ հարստացված ուրանի բանկ ստեղծելու մասին
Ղազախստանի կառավարությունը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) երկրի տարածքում քիչ հարստացված ուրանի բանկի ստեղծման մասին փաստաթուղթ են ստորագրել, գրում է lenta.ru-ն:
Ստորագրումը կայացել է Աստանայում: Ղազախստանից փաստաթուղթը ստորագրել է արտգործնախարար Երլան Իդրիսովը, ԱԷՄԳ-ից՝ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
Բանկում կպահվի քիչ հարստացված ուրան, որը կօգտագործվի ատոմային էներգետիկայի կարիքների համար: Քիչ հարստացված ուրանը կկարողանան ձեռք բերել կազմակերպության անդամ պետությունները, որոնք հնարավորություն չունեն գնել այն կոմերցիոն շուկայում:
Ղազախստանը հանդես է եկել իր տարածքում միջազգային բանկը տեղակայելու նախաձեռնությամբ 2009 թվականին:
Բանկի ստեղծման և առնվազն տասը տարվա գործունեության համար հատկացվել է մոտ 150 միլիոն դոլար: Բացի Ղազախստանից՝ միջոցներ են տրամադրել նաև ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Նորվեգիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, ինչպես նաև «Միջուկային վտանգի կրճատման նախաձեռնության հիմնադրամը»:










