Վաշինգտոնի կենդանաբանական այգում սատկել է պանդայի նորածին ձագերից մեկը, որին մայրը հրաժարվում էր կերակրել

09:43 • 27.08.15

Վաշինգտոնի կենդանաբանական այգում Մեյ Սյան պանդայի երկու ձագերից մեկը սատկել է՝ ապրելով ընդամենը չորս օր։ Այդ մասին ասված է հաստատության Twitter-ի էջում, գրում է lenta.ru-ն:

 

«Ցավով հայտնում ենք, որ պանդայի երկու ձագերից փոքրը սատկել է»,- ասված է հաղորդագրությունում: Նախօրեին նշվում էր, որ նրա վիճակը լավ է, սակայն այն ժամանակահատվածը, երբ բարդությունների վտանգը բարձր է, դեռ չի ավարտվել:

 

Մեյ Սյանը լույս աշխարհ է բերել երկու ձագերին շաբաթ օրը՝ օգոստոսի 22-ին, հինգ ժամ տարբերությամբ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկու նորածին ձագերից մեկը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում մոր կողմից, քան մյուսը, որը չափերով ավելի մեծ է: Մեյ Սյանը թույլ չէր տալիս կենդանաբանական այգու աշխատակիցներին իր մոտ բերել փոքր ձագին՝ նախընտրելով կերակրել իր ավելի խոշոր ձագին։ Ձագին կերակրում էին կենդանաբանական այգու աշխատակիցները: Նրանք հետևում էին նրա քաշին, որը մոր հետ հարաբերություններում դժվարությունների պատճառով անկայուն էր մնում:

 

Մեյ Սյանի առաջինը ձագը՝ Տայ Շանը, ծնվել է 2005 թվականին և 5 տարի անց վերադարձել Չինաստան։ Երկրորդ ձագը՝ Բաո Բաոն, վերջերս դարձել է երկու տարեկան: 2012 թվականին ծնված ձագն ընդամենը մեկ շաբաթ է ապրել, իսկ ևս մեկը մահացած է ծնվել:



Մեծ պանդաները ոչնչացման վտանգի տակ են գտնվում: Այս տեսակը չափազանց ցածր պտղաբերություն ունի, հատկապես՝ անազատության մեջ։