Թուրքիայի տարբեր քաղաքներում հարձակումներ են տեղի ունեցել. կան վիրավորներ

09:00 • 27.08.15

Թուրքական մի շարք քաղաքներում ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումներ են իրականացվել, կան տուժածներ:
 

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականի կայքը, Բինգյոլում գտնվող ամբարտակի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է 4 մարդ: Հարձակմանը հակադարձել են ամբարտակը պահպանող թուրք զինվորները:

 

Հարձակումն իրականացնելու համար մեղադրվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալները: Շրջանում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել՝ հարձակվողներին բռնելու համար:

 

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է Օսմանիեում հերթապահություն իրականացնող ոստիկանության վրա կրակ բացելու դեպքի մասին: Շրջան լրացուցիչ բանակային ուժեր են ուղարկվել, այստեղ ևս գործողություն է իրականացվում՝ քուրդ զինյալների վնասազերծելու ուղղությամբ:

 

Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում է տեղի ունեցել Գազիայնթապ քաղաքում: Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է հարձակվողների մեքենան, որում զենք ու զինամթերք է հայտնաբերվել: Օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է 3 մարդ:

 

Վանում ոստիկանական ավտոմեքենայի վրա կրակ են բացել նռնականետից, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ: Այստեղ նույնպես լայնածավալ գործողություն է սկսվել։