ԱՄՆ-ում լրագրողներին ուղիղ եթերում սպանողն ինքնասպան լինելուց առաջ պատմել է իր արարքի դրդապատճառների մասին

09:13 • 27.08.15

ԱՄՆ Վիրջինիա նահանգում WDBJ7 հեռուստաալիքի երկու լրագրողներին սպանողը՝ նրանց նախկին գործընկեր Վեստեր Լի Ֆլենագանը, ABC News-ի խմբագրություն ֆաքսով հաղորդագրություն է ուղարկել, որտեղ պատմել է իր արարքի դրդապատճառների մասին, գրում է korrespondent.net-ը։

 

Լրագրողների սպանությունից հետո խմբագրությունը հաղորդագրություն է ստացել, որը ստորագրված է եղել «Բրայս Ուիլյամս»։ Հենց այդ կեղծանունն է Ֆլենագանն օգտագործել WDBJ7-ում աշխատելու ժամանակ։

 

Նամակի հեղինակը հայտնել է, որ իր արարքը եղել է Չարլսթոնում սևամորթների համար եկեղեցու այցելուների սպանության պատասխանը։ Հիշեցնենք. հունիսի 17-ին 21 տարեկան ռասիստ Դիլան Ռուֆը մտել էր եկեղեցի և կրակ բացել, ինչի հետևանքով վեց կին և երեք տղամարդ էր սպանվել։

 

Բացի այդ, նամակի հեղինակն իր հիացմունքն է հայտնել հարավկորեացի ուսանող Չո Սին Հիով, ով 2007 թվականի ապրիլին 32 ուսանող է սպանել Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում, և այն դեռահասներով, ովքեր 1999 թվականին 13 մարդ են սպանել Քոլումբայն դպրոցում:

 

Ֆլենագանը նաև բողոքել է ռասայական խտրականությունից, սեռական ոտնձգությունից, աշխատավայրում վատ վերաբերմունքից, սևամորթ տղամարդկանց և սպիտակամաշկ կանանց կողմից վիրավորանքներից: Նրա կարծիքով՝ իրեն ծաղրել են այն պատճառով, որ նա նույնասեռական է և սևամորթ։

 

«Որոշ ժամանակ ես վառոդի տակառ եմ եղել… որը պատրաստ էր պայթել»,- ասված է նամակում:

 

Ֆլենագանի կարիերան վերջին տարիներին անհաջող է եղել։ Մասնավորապես՝ WTWC ֆլորիդական հեռուստաալիքից հեռացվելուց հետո նա հայց էր ներկայացրել, որտեղ պնդում էր, որ վիրավորանքների է ենթարկվել ռասայական հիմքի վրա։

 

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը 24-ամյա լրագրող Էլիսոն Փարքերը և 27-ամյա օպերատոր Ադամ Ուորդը սպանվել են ուղիղ եթերում աշխատելու ժամանակ:

 

Տեղի ոստիկանությունը պարզել է, որ լրագրողներին սպանել է այդ հեռուստաալիքի 41-ամյա նախկին աշխատակիցը: Ինքը՝ սպանողը, ինքնասպան է եղել։