ՀՀ–ում գրանցվել է ամենատևական շոգ ամառը վերջին 172 տարիների ընթացքում. Գագիկ Սուրենյան

14:04 • 27.08.15

 

Այս ամառ մեր օդերևութաբանական պատմության ընթացում վերջին 172 տարիների ընթացքում գրանցվել է ամենաերկար տևած շոգ եղանակի առաջին դեպքը. այսօր հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
 

«Հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտում և մայրաքաղաքում 20 օր ենք ունեցել, որ ջերմաստիճանը տատանվել է 38-39 աստիճանի սահմաններում, և 15 օր ունեցել ենք, որ  ջերմաստիճանը տատանվել է 40-41 աստիճանի սահմաններում»,-ասաց նա:

 

Հուլիսը, ըստ նրա, խիստ չոր կլիմայական պայմաններում անցավ և տեղումները նորմայից ցածր են եղել 50 տոկոսով: Չոր, խիստ շոգ եղանակը տևել է մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, այդ ընթացքում առանձնապես տեղումներ չեն գրանցվել:

 

Դիտարկմանը, թե ազգաբնակչությունը հավատացած է, որ ջերմաստիճանը 41-ից ավելի բարձր է գրանցվել, Գագիկ Սուրենյանը նշեց, թե երբ խոսում են 38 աստիճանի մասին՝ ազգաբնակչությունն ասում է, որ 40-41 է, պարզապես ասում են 38, իսկ երբ արդեն հայտարարել են, որ  40-41՝ արդեն խոսում են, թե եղել է ավելի բարձր: 

 

«Աշխարհագրական գիտությունների թեկնածու լինելով՝ անձամբ իմ անունից կարող եմ հայտարարել, որ Երևանում 42 աստիճանից բարձր ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել: Կարող եմ ասել Երևանում 42 աստիճան գրանցվել է 2010թ-ի օգոստոսի 3-ին և Մեղրիում 43,7 աստիճան, 2011թ-ի հուլիսի 31-ին: Դրանից  բարձր ջերմաստիճան մենք չենք ունենում»,-ասաց նա:


Գագիկ Սուրենյանը նշեց, թե ինչումն է քաղաքացիների անհանգստությունները 45-46-ի աստիճանի վերաբերյալ: «Շատ քաղաքացիներ ջերմաչափը տեղադրում են անմիջապես արևի տակ, կամ պատերի թիթեղների մոտ և արեգակի ճառագայթները եթե գոնե մեկ ժամ ընկնում են այդ հատվածի վրա, արդեն ջերմաստիճանի սնդիկը ցույց կտա սխալ ջերմաստիճան: Իսկ մեզ մոտ ջերմաստիճանը չափվում է բացարձակ թվերով, որը համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ընդունված ձևն է»,-ասաց նա: