Քյոլնի կենտրոնում հազարավոր մարդիկ են տարհանվել հայտնաբերված մոտ 1 տոննա կշռող ռումբի պատճառով
Գերմանական Քյոլն քաղաքի պատմական կենտրոնում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած մոտ մեկ տոննա քաշով ռումբ, գրում է lenta.ru-ն։
Ռումբը շինհրապարակում պատահաբար հայտնաբերել են բանվորները՝ օգոստոսի 27-ի երեկոյան։ Պայթյունի վտանգի պատճառով իշխանությունները քաղաքի կենտրոնից տարհանել են մի քանի հազար մարդու: Մասնավորապես՝ իշխանությունները ստիպված են եղել տարհանել Ռեյնի ափին գտնվող առաջին շարքի տների բնակիչներին, ինչպես նաև խոշոր հյուրանոցի հյուրերին։
Վտանգավոր հատվածում դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը, այդ թվում՝ նաև Ռեյնով նավերի երթևեկությունը:
Հաղորդվում է, որ սակրավորների թիմն արդեն վնասազերծել է ռումբը։










