Մնում էր «թախտաբիթիների» հարցը քննարկենք. ՀՀԿ խոսնակը Ադրբեջան փախած Վ.Մարտիրոսյանին այլ որակումներ էլ տվեց

14:20 • 19.09.15

Ադրբեջանում  հայտնված  «Ներազգային ազատագրական շարժման»  «հերոս»  Վահան Մարտիրոսյանը գող է, բանսարկու, ավազակ,  անհասկանալի անձնական կյանք ու հոգեկան շեղումներ ունեցող անձ, որը 2005 թվականից  հաշվառված է նյարդահոգեբուժական դիսպանսերում:


Այս մասին երեկ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ,ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե Բաքվում Հայաստանի ու Հայոց բանակի դեմ չակերտավոր փաստեր ներկայացնող Վահան Մարտիրոսյանի հարցը քննարկվել է:


«Մնում էր  «թախտաբիթիների» ու «տառականների»  հարցերին   անդրադառնայինք»,- ասաց ՀՀԿ խոսնակը:


ՀՀԿ խոսնակը մամուլից է տեղեկացել, որ   այս  մարդը խնդիրներ ունի, 2005 -ից նյարդահոգեբուժական դիսպանսերում հաշվառված է, և, առհասարակ, «խարդախության և  բանսարկությունների մեծ հերոս է»: Գումարած   ընտանեկան կարգավիճակը` 3 անգամ ամուսնացած ու բաժանված:


«Արաբկիր բաժնում  քրեական գործ է հարուցվել, այն ընտանիքը, որը նրան ապաստան էր տվել իր «փախած» լինելու օրերին, նա այդ կնոջից 4000 ԱՄՆ դոլար է գողացել»,- հավելեց ՀՀԿ խոսնակը:


Անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի` Բաքվում արված հայտարարություններին,  Էդուարդ Շարմազանովն ասաց, որ  նա պարզապես   կրկնում է այն, ինչ  տարիներ շարունակ ասում է  Ադրբեջանի քարոզչական մեքենան, որն այսօր   հայտնվել է ոչ բարենպաստ իրավիճակում, երբ  եվրոպական, միջազգային կառույցները , Եվրախորհրդարանը մերժում, բոյկոտում են Ադրբեջան պետությանը:


«Ադրբեջանը հայտնվել է խաղից դուրս իրավիճակում, և բնականաբար, եթե իրենք ուրախանում են,  որ անհայտ ռեպուտացիա ունեցող ինչ-որ մեկին տալիս են  չակերտավոր փաստեր,  և նա դրանք  կարդում է, եթե դրանից  Ալիևը մեծ հաճույք է ստանում, ինչ ասեմ` շնորհավորում եմ: Եթե ուրախանում են, ապրեն իրենք»,- ասաց ՀՀԿ խոսնակը: