ՌԴ Դաշնային խորհուրդը թույլ է տվել երկրի սահմաններից դուրս ռուսական զորքի օգտագործումը

12:16 • 30.09.15

ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն հավանություն է տվել երկրի սահմաններից դուրս ռուսական զինված ուժերի օգտագործմանը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին։

 

Դաշնային խորհուրդը չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 30-ին, քննարկել է երկրի սահմաններից դուրս Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման հարցը։ Դաշնային խորհուրդ դիմումը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 102-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիման վրա Դաշնային խորհուրդ է ներկայացրել  Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս համընդհանուր ընդունված սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորակազմի օգտագործման համաձայնության մասին Դաշնային խորհրդի որոշման ընդունման մասին առաջարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ CNN-ի աղբյուրն ԱՄՆ իշխանական կառույցներում հայտնել է ցանկացած պահի Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: