«Հրանտ-Լեոն Ռանոս»-ի թիմակիցը վնաuվածք է ստացել, կորցրել գիտակցությունը և սրտի կանգ տարել

08:33 • 03.11.26

Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի 12-րդ տուրի «Տեներիֆե»–«Անդորրա» հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով։ Տանտերերի 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելը ծանր վնասվածք է ստացել, կորցրել գիտակցությունը և սրտի կանգ տարել, սակայն բժիշկների արագ միջամտության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ «Հելիոդորո Ռոդրիգես Լոպես» մարզադաշտում կայացած խաղի ավելացված ժամանակում, երբ հաշիվը 2։2 էր։ Երկար փոխանցումից հետո Դե Միգելը փորձել է մեն-մենակ դուրս գալ մրցակցի դարպասապահի դեմ։ «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն գնդակը հեռացնելու նպատակով դուրս է եկել տուգանային հրապարակից և ընդհուպ մոտեցել կենտրոնական գծին։ Ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած բախման հետևանքով դարպասապահը ծնկով ուժեղ հարվածել է հարձակվողի կրծքավանդակին։

Դե Միգելն անմիջապես տապալվել է խոտածածկին՝ կորցնելով գիտակցությունը։ Հանդիպման գլխավոր մրցավարն ուղիղ կարմիր քարտով հեռացրել է Օվոնոյին, իսկ երկու թիմերի խաղացողները շտապ օգնության են կանչել բժշկական անձնակազմին:

Բժիշկները մի քանի րոպե շարունակ առաջին օգնություն են ցուցաբերել հարձակվողին հենց խաղադաշտում, որից հետո նրան պատգարակով տեղափոխել են շտապօգնության մեքենա։

Իսպանական EFE գործակալության հաղորդմամբ՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ֆուտբոլիստը սրտի և շնչառության կանգ է տարել։ Բարեբախտաբար, շտապօգնության մասնագետներին հաջողվել է վերակենդանացման միջոցառումների շնորհիվ վերականգնել նրա սրտի աշխատանքը։ Ինչպես հայտնում է «Diario de Avisos»-ը՝ հղում անելով COPE ռադիոկայանին, խաղացողի զարկերակը վերականգնվել է, և նա սկսել է ինքնուրույն շնչել։

Reuters-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը «Նուեստրա Սենյորա դե Կանդելարիա» համալսարանական հիվանդանոց է ընդունվել անգիտակից վիճակում։ Վերջին տեղեկություններով՝ նրա վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն։

Կատարվածը մեծ ցնցում է առաջացրել մարզադաշտում․ «Տեներիֆեի» մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողացել զսպել արցունքները, իսկ տրիբունաներում գտնվող որոշ երկրպագուների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք նույնպես բժշկական օգնության կարիք են ունեցել։ Խաղադաշտ է վերադարձել նաև հեռացված դարպասապահ Խեսուս Օվոնոն՝ հետաքրքրվելու մրցակցի առողջական վիճակով։

Մրցավարի, թիմերի ավագների և մարզչական շտաբների քննարկումից հետո որոշվել է չշարունակել հանդիպումը։

Հավելենք, որ «Տեներիֆեի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որն այս հանդիպման ընթացքում մնացել էր պահեստայինների նստարանին։

Իսպանական ֆուտբոլային հանրությունը, տարբեր ակումբներ ու կառույցներ իրենց զորակցությունն են հայտնել «Տեներիֆեի» 9-րդ համարին՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում։

Աղբյուրը`ArmSport.am