Հայտնի է դարձել 2015 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիրը
2015 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Թունիսում ազգային երկխոսության «քառյակին», հաղորդում է gazeta.ru-ն։

Մրցանակակրին հայտարարել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Կասի Կուլլման Ֆիվեն։
«Քառյակը» ձևավորվել է 2013 թվականին՝ երկրի համար շրջադարձային պահին, երբ ժողովրդավարական արժեքները վտանգի տակ էին հայտնվել։
2011 թվականին Թունիսում համաժողովրդական դժգոհության ալիք էր սկսվել, ինչը հանգեցրել էր հեղափոխության և նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալիի հրաժարականին։
Ընդհանուր առմամբ՝ հանձնաժողովը քննարկել է 237 թեկնածություն, որոնց թվում էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Հիշեցնենք, որ 2015 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին՝ «նրա արձակի բազմաձայն հնչեղության և տառապանքի ու քաջության հավերժացման համար»։
Հայտնի են նաև քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների անունները. Թոմաս Լինդելը՝ Շվեդիայից, Փոլ Մոնդրիխը՝ ԱՄՆ-ից, և թուրքական ծագմամբ ամերիկացի Ազիզ Սանքարը Նոբելյան մրցանակ են ստացել վնասված ԴՆԹ-ի վերականգնման գործընթացների հետազոտության համար։
Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել իռլանդացի Ուիլյամ Քեմփբելը և ճապոնացի Սատոսի Օմուրան՝ մակաբույծների դեմ պայքարի ոլորտում հայտնագործությունների համար, ինչպես նաև չինացի Յույու Տուն՝ մալարիայի դեմ պայքարի ոլորտում բացահայտումների համար։
2015 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել ճապոնացի Տակաակի Կաձիտան և կանադացի Արթուր Մքդոնալդը։










