Թամանյանի արձանի հարևանությամբ բացվել է «Ավելի լավ Երևան» քաղաքաշինական ցուցահանդես

15:25 • 11.10.15

«Ավելի լավ Երևան» խորհրդանշական անվանումով քաղաքային տնտեսության և քաղաքաշինական նախագծերի ցուցահանդես է բացվել Ալ. Թամանյանի արձանի հարևանությամբ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։


«Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներում այս էքսպոն արդեն ավանդական է։ Ցուցադրությունում վերջին տարիներին  Երևանում կառուցված և առաջարկվող նախագծերն են, որոնք ներկայացնում են «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն, «Հայնախագիծ» ԲԲԸ-ն, անհատ ճարտարապետներ,  ստեղծագործական արհեստանոցներ։ Այսպիսով, էքսպոն քաղաքաշինական ծրագրերի յուրօրինակ հաշվետվություն է քաղաքացիներին, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերին է ներկայացնում Երևանի քաղաքաշինական հայեցակարգերը։


Առանձին տաղավարներով ներկայացված ամենահին անդրադարձը հենց Երևանի հիմնադրմանն է վերաբերում. Էրեբունի ամրոցի՝ որպես հնագիտական մեծ արժեքի արդիականացման նախագիծն է։ Ցուցահանդեսում ներկայացվել է նաև Երևանի կենդանաբանական այգու` մինչև 2017 թվականի արդիականացման ծրագիրը՝  մանրակերտով։ Ցուցադրված են նաև Երևանի նորակառույց այգիների նախագծերը։

 

Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նոր հայեցակարգն էլ  կարելի է տեսնել ցուցադրությունում Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ–ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի համատեղ ծրագիրը։ Այստեղ ներկայացված են լուսավորության նոր՝ էներգախնայող սարքերը, դրանց արդյունավետության, ինչպես նաև դրանցով լուսավորված ու լուսավորվելիք փողոցների մասին տեղեկատվություն։


 

Թամանյանի արձանի հարևանությամբ բացվել է «Ավելի լավ Երևան» քաղաքաշինական ցուցահանդես