ՀՀ ներխուժած թուրքական ինքնաթիռների մասին Թ. Պողոսյանի հարցին ի պատասխան ՆԱՏՕ-ի քարտուղարն ասել է, որ տեղյակ չէ

22:01 • 14.10.15

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 61-րդ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հարցրել է հոկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ներխուժած թուրքական ռազմական ինքնաթիռների մասին, ինչին ի պատասխան  Յենս Ստոլտենբերգն ասել է, որ տեղյակ չէ:

 

«Ինքն էլ ասել էր, որ տեղյակ չէ: Համենայնդեպս, անգլերենով սա հնչեց՝ I have never looked into the question: Ես նույնիսկ նկատեցի, որ իր դեմքի վրա զարմանք առաջացավ։ Խնդրեց նաև, որ այս մասին ես իրեն ուղարկեմ նամակ, որն անպայման կուսումնասիրի ու կպատասխանի»,- այս մասին Tert.am-ին հայտնած Թևան Պողոսյանը մանրամասնեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հարցը տվել է ոտքի վրա՝ միջանցքում, քանի որ այնպես է ստացվել, որ զեկույցների, բանաձևերի ձևաչափով քննարկումներին հարցը չէր կարող բարձրացվել, իսկ լիագումար նիստին պատվիրակության անդամներից միայն մեկին էր հնարավորություն տրվել հարց տալու, և պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բարձրացրել էր Սիրիային վերաբերող հարցեր:
 

Հիշեցնենք, որ չնայած ՀՀ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն լռություն էին պահպանում, ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը մամուլին հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական մարտական ուղղաթիռներն Արմավիրի կողմից մտել են Հայաստանի օդային տարածք և 2-4 րոպե մնացել Հայաստանի երկնքում, իսկ թուրք կարգավարը պատասխանել էր, որ դա տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների հետևանքով:

 


Ըստ որում, Թևան Պողոսյանը նշեց, որ հարցը տվել է հենց այն համատեքստում, որում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձրացրել էր ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի տարածք մտնելը և որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ամեն գնով պաշտպանել իր ցանկացած անդամի տարածքը, նաև օդային:


«Չնայած ասաց, որ տեղյակ չէ, կանդրադառնա, շատը կարևոր էր, որ իր այդ խոսքից հետո անպայման հնչեր, որ նաև իրենց կառույցի ռազմական ուժերը կարող են խախտել իրենց իսկ գործընկեր երկրի օդային երկրի տարածքը»,-ընդգծեց Թևան Պողոսյանը՝ հիշատակելով նաև այն վերլուծությունները, որ արվել էին հայկական լրատվամիջոցներում:


Մասնավորապես, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը միանշանակ պատահական չէր համարել, որ թուրքական ռազմական ուղղաթիռները «սխալվել էին» և կարծիք հայտնել, որ Թուրքիան այսպիսով Ռուսաստանի դաշնակիցների, մասնավորապես՝ Հայաստանի միջով հասկացնել է տալիս, որ կարող է հարձակման ենթարկվել Գյումրիի ռուսական բազան:


Թևան Պողոսյանը լիահույս է, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարից պարզաբանում կստացվի, առավել ևս, որ նոյեմբերի սկզբին լինելու է ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում:

 

Ի դեպ, մի նամակ էլ ուղարկվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:

 


 

ՀՀ ներխուժած թուրքական ինքնաթիռների մասին Թ. Պողոսյանի հարցին ի պատասխան ՆԱՏՕ-ի քարտուղարն ասել է, որ տեղյակ չէ