Լիլիթ Մարտիրոսյանը Հայաստանն առաջին անգամ կներկայացնի «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթում
Հայաստանն այս տարի առաջին անգամ իր մասնակիցը կունենա «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթում: Վիեննայում նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը կայանալիք գեղեցկության մրցույթին Հայաստանի դրոշի ներքո հանդես կգա գյումրեցի 26-ամյա Լիլիթ Մարտիրոսյանը։
15-րդ անգամ անցկացվող միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող սևաչյա գեղեցկուհին մոդելային իր կարերիան սկսել է մայրիկի առաջարկով: Մինչև այդ նա ստացել է օտար լեզուների մասնագետի որակավորում. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի Օտար լեզուների ֆակուլտետը, այնուհետև Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել է «Ռազմավարական մարքեթինգ»-ի դասընթացների:
Որպես մոդել` Լիլիթի նորամուտը եղել է 2012 թվականին` «Միսս Հայաստան» մրցույթին, որտեղ նա նվաճել է «Միսս Շիրակ» տիտղոսը: Այստեղ էլ առաջին անգամ Լիլիթին նկատել է «Ատեքս» մոդելային գործակալության տնօրեն Օլգա Լավրիենկոն և հայուհուն հատուկ դիմագծերով օժտված գեղեցկուհուն համագործակցության առաջարկություն արել:
Մոդելային ցուցադրություններին զուգահեռ, Լիլիթը շարունակում է մասնակցել տարբեր գեղեցկության մրցույթների. 2015 թվականին «Թոփ մոդել Հայաստան» մրցույթը ճակատագրական դարձավ գեղեցկուհու համար, որտեղ նա արժանացավ «Թոփ մոդել» տիտղոսին, իսկ «Թոփ մոդել Հայաստան» և «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգա»-ի նախագահ Աշոտ Խաչատրյանը Լիլիթ Մարտիրոսյանին շնորհում է 2015-ի օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ը Եգիպտոսում կայանալիք «Թոփ մոդել աշխարհ» մրցույթին մասնակցելու իրավունքը« դրանից հետո Լիլիթը ստանում է «Միսս երկրագունդ» մրցույթին Հայաստանը ներկայացնելու առաջարկը: Մրցույթում հայ գեղեցկուհուն կներկայացնի հենց Աշոտ Խաչատրյանի ղեկավարած «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգա»-ն:
Լիլիթը կներկայանա «Տերյան» մշակութային կենտրոնի դիզայներ Լիլիթ Մելիքյանի ազգային տարազով և Գայանե Մարտիրոսյանի երեկոյան զգեստով: Ըստ մրցույթի պաշտոնական կայքի, գեղեցկության տիտղոսի համար կպայքարի 88 մասնակից, աշխարհի տարբեր երկրներից: Ի դեպ, մինչև Ավստրիա մեկնելը, Լիլիթը նոյեմբերի 7-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կմասնակցի «Միսս բիկինի-տիեզերք» մրցույթին՝ կրկին ներկայացնելով Հայաստանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում չթաքցնելով իր հուզմունքը` Լիլիթը նշեց, որ մրցույթին մասնակցելու հրավերն ընդունել է մեծ հպարտությամբ և ուրախությամբ: Նա նաև ընդգծեց, որ ջանք ու եռանդ չի խնայի ըստ պատշաճի ներկայանալու համար. դա վերաբերում է ինչպես արտաքինին, այնպես էլ տաղանդների և գիտելիքների մրցույթներին: «Ջանասիրաբար ու մեծ ոգևորությամբ եմ պատրաստվում: Իմ այս հաջողությունների համար պարտական եմ ընտանիքիս, նրանց, ում համար կարևորը գեղեցիկը գնահատելն ու արժևորելն է: Շնորհակալ եմ նաև այն բոլոր մարդկանց, ովքեր խրախուսում են ինձ: Նրանց բարձր տրամադրությունն է, որ ինձ ուժ է տալիս ու ոգևորում: Ես հպարտ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ: Այս մրցույթին մասնակցելն արդեն իսկ հաղթանակ է, բայց կաշխատեմ հատկապես ազգային մշակույթը լավ ներկայացնել»,-նշեց Լիլիթը:
Այն հարցին, թե` արդյո՞ք չի մտածում ընտանիք կազմելու ու մասնագիտությամբ աշխատելու մասին, գեղեցկուհին անկեղծացավ, որ դեռ դրա մասին չի մտածում, դեռ տարված է գեղեցկության մրցույթներով, բայց ամեն ինչ կյանքը ցույց կտա: Ինչ վերաբերում է ուսմանը՝ Լիլիթը տեղեկացրեց, որ պլանավորում է շարունակել այն Լոնդոնում:
Խոսելով իր նախասիրություններից՝ Լիլիթը նշեց, որ, չունենալով մասնագիտական կրթություն, բայց լինելով արվեստագետի ընտանիքից, արվեստի նկատմամբ սերը մանկուց է ունեցել, նկարում է. Չեխիայում կայացած նկարչական մրցույթում UNESCO-ի մրցանակի է արժանացել« փորձում է նաև ստեղծագործել:
Լիլիթն ավելացրեց, որ այս մրցույթին մասնակցում է մեկ այլ ոգևորությամբ, որն անբացատրելի է այնպես, ինչպես կյանքը, երբ տարիներ առաջ հրաշքով իրեն՝ փոքրիկ նորածնին, 1988 թվականի ահավոր երկրաշարժի փլատակներից փրկեց մայրը:










