Հպարտ եմ, որ գյումրեցի եմ և մրցույթներում նաև Գյումրիի` մշակութային քաղաքի անունն եմ բարձր պահում. Օպերային երգչուհի Լեոնորան

19:58 • 05.11.15

Օպերային երգչուհի, լիրիկ սոպրանո Լեոնորան վերջին ամիսների ընթացքում տարբեր միջազգային մրցույթներում լավագույն արդյունքներ գրանցելու համար Գյումրու ավագանու որոշմամբ արժանացավ դրամական պարգևի:


Գյումրու ավագանին,  նոյեմբերի 5-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ, միաձայն որոշեց դրամական պարգև հատկացնել երգչուհի Լեոնորային՝ Արևիկ Թանաշեանին: Վերջին 4 ամիսների ընթացքում միջազգային 3 տարբեր մրցույթներում օպերային արվեստը ներկայացնող երգչուհին հայրենի քաղաք է վերադարձել «Գրան պրի» մրցանակներով: Վերջին հաղթանակը հոկտեմբերի 18-ին Վարշավայում կայացած ամենամյա «Wiktoria 2015» միջազգային մրցույթում էր, իսկ դրանից օրեր առաջ Սոֆիայից /SOFIA GRAND PRIX-2015/ միջազգային մրցույթում, սեպտեմբերին էլ՝ Երևանում «Կատարողական արվեստի հա աշխարհային ասոցիացիա»-ի կողմից անցկացված միջազգային մրցույթի բացարձակ մրցանակին էր արժանացել: Ի դեպ, Լեոնորային տարբեր միջազգային մրցույթներում ներկայացնում է հենց այս ասոցիացիան:


«Շատ շնորհակալ եմ այս գնահատականի համար: Եվս մեկ անգամ օտար ափերում մենք ցույց տվեցինք մեր մշակույթի, մեր ազգի մեծությունը՝ թե որքան է հայը հարուստ արվեստով ու երգով: Կրկնակի հպարտ եմ, որ գյումրեցի եմ և այս միջազգային մրցույթներում ոչ միայն Հայաստանի այլ նաև Գյումրիի` մշակութային քաղաքի անունն եմ բարձր պահում»,-նշեց երգչուհին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում երգչուհու ամուսինը, պրոդյուսեր Վիգեն Թանաշեանը նշեց, որ ճիշտ է դժվար է երգչուհու համար 4 ամիսների ընթացքում տարբեր մրցույթների մասնակցել, բայց դեռ տարին ավարտված չեն համարում: «Լեոնորան այս պահին հրավերք  ունի մասնակցելու  ՌԴ Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 27- դեկտեմբերի 5-ը կայանալիք օպերային երգիչների VII միջազգային մրցույթին: Հրավերքը կա, բայց, ցավոք, այս անգամ, ֆինանսական խնդիրների պատճառով, դեռ չենք հաստատել երգչուհու մասնակցությունը»,-նշեց Վիգեն Թանաշեանը՝ հույս հայտնելով, որ ֆինանսական միջոցների առկայության դեպքում երգչուհին կմասնակցի այս հեղինակավոր մրցույթին ևս:


Լեոնորան ծնվել է Գյումրիում, բուհական և հետբուհական կրթությունը ստացել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում: Ունեցել է մենահամերգներ, Գյումրիում երգչուհուն հիշում են «Անուշ» օպերայի  բեմադրման 100 ամյակին նվիրված՝ գլխավոր հերոսուհու դերերգով:

Հպարտ եմ, որ գյումրեցի եմ և մրցույթներում նաև Գյումրիի` մշակութային քաղաքի անունն եմ բարձր պահում. Օպերային երգչուհի Լեոնորան