Կամերային երաժշտության տանը կկայանա Վերադարձի փառատոնի եզրափակիչ համերգը

18:16 • 06.11.15

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ ներկայացնում է Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը։

 

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ ներկայացնում է Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:


Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արդեն 8-րդ անգամ հայ հանդիսատեսին, մայրաքաղաքի հյուրերին է ներկայացնում դասական երաժշտության մի բացառիկ փառատոն, որը դասական երաժշտության զարգացման և տարածման խնդրից զատ, նպատակ ունի արտերկրում ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցներին համախմբելու, նրանց ստեղծագործական ներուժն ու կարողությունները ծառայեցնելու  ի նպաստ Հայաստանի և հայ մշակույթի զարգացման:

 

Փառատոնը մեկնարկեց հոկտեմբերի 19-ին և հայ հանդիսատեսին ներկայացավ 5 համերգից բաղկացած համերգաշարով:


Փառատոնային համերգների ընթացքում հանդես եկան տաղանդաշատ երաժիշտներ  Սվետլանա Նավասարդյանը /դաշնամուր/, Վահան Մարտիրոսյանը /դաշնամուր, դիրիժոր/, Անի Բատիկյանը /ջութակ, Մեծ Բրիտանիա/ Աստղիկ Վարդանյանը /ջութակ/, Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Լիլիթ Գրիգորյանը /դաշնամուր, Բելգիա/, Դավիթ Հարությունյան /ջութակ, Ֆրանսիա/, Հայկ Դավթյանը /ջութակ, Ֆրանսիա/, Տոմոկո Ակասական /ալտ,  Ճապոնիա/, Պոլին Բարտիսոլը /թավջութակ, Ֆրանսիա/, Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս, Ֆրանսիա/, Լյուսի Բեսսիեն /ջութակ, Ֆրանսիա/, Ցվետելինա Ալաջեմը /ալտ, Ֆրանսիա/, Սոֆի Ռիբրոն /թավջութակ, Ֆրանսիա/, Վերոնիկ Գոտերոնը /կոնտրաբաս, Ֆրանսիա /Լուիզ Ժալյուն /բանդոնեոն, Ֆրանսիա/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր, Ֆրանսիա/:

 

Հանդես եկան այնպիսի երաժշտախմբեր, ինչպիսիք են Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան/, Նաիրի Լարային Կվինտետը /Ֆրանսիա/, “Տանգո Կարբոն” անսամբլը /Ֆրանսիա/: Առաջին անգամ հայ երաժշտասերներին ներկայացվեց Վերադարձի Դասական երաժշտության Փառատոնի շրջանակներում ձևավորված «Վերադարձի Կվինտետ» երաժշտախումբը:

 

Միջազգային համբավ և ճանաչում վայելող երաժիշտները միավորվեցին` ի կատար ածելով Վերադարձի Փառատոնի ծրագրային դրույթներից մեկը` հայկական կատարողական դպրոցի առանցքի շուրջ միավորել տարբեր մշակույթների, կատարողական դպրոցների և ուղղությունների արվեստագետներին` միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման, հագեցած ստեղծագործական աշխատանքի համար:


Գործընթացի վերջնարդյունքում ստեղծվեց մի նոր երաժշտախումբ, որը Վերադարձի Փառատոնի Կվինտետ անվանմամբ հնարավորություն կունենա ներկայանալու նաև արտերկրում:

 

Փառատոնի եզրափակիչ համերգը, որը կկայանա նոյեմբերի 7-ին, ժ. 19.00-ին Կոմիտասի անվ. Կամերային Երաժշտության Տանը, խորհրդանշում է կյանքի շարունակականությունն ու լավատեսությունը:


Ֆրանսիական Տանգո Կարբոն երաժշտախումբը ձևավորվել է 2012-ին, երբ Փարիզի կոնսերվատորիայում ուսանած տաղանդաշատ երաժիշտներ Դավիթ Հարությունյանը /ջութակ/, Լուիզ Ժալյուն /բանդոնեոն/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր/ և Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս/, տանգո երաժշտության նոր արտահայտչամիջոցների փնտրտուքով միավորվեցին` ստեղծելով կարճ ժամանակահատվածում լայն ճանաչման արժանացած անսամբլ:


Երաժիշտների արհեստավարժության շնորհիվ երաժշտախմբի երկացանկը արագորեն հարստացավ նոր և բազմազան ստեղծագործություններով, որը միավորում է ավանդական տանգոյի մասերը խնբի ինքնատիպ ստեղծագործությունների հետ:


Երկու տարի անց ելույթ ունենալով Ֆրանսիայում (Տրիտոնում, Պենիժ Օպերայում, Կոմեդիայի ազգային թատրոնում, Լա Մալինում) և ձայնագրելով իրենց առաջին ձայնասկավառակը` նրանց փորձը հնարավորություն տվեց ստեղծելու  իրենց սեփական ոճը` համատեղելով դասական եւ ռոք երաժշտությունը, քնարականությունը, առնականությունը և  հումորը:


«Տանգո Կարբոնը» բազմիցս հրավիրվել է ջազային փառատոների. Վերջին նվաճումներից արժանահիշատակը 2015-ին Ուկրաինայում ելույթն էր Հերբի Հենքոկի, Ուայն Շորտերի և Ջորջ Բենսոնի հետ նույն բեմում:


Յուրաքանչյուր համերգի ընթացքում Տանգո Կարբոնը ստեղծում է մի երաժշտական աշխարհ` փորձելով տարանջատվել տանգոյի  երաժշտության կարծրատիպերից:


Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող Տանգո Կարբոն անսամբլը /Ֆրանսիա/ կներկայացնի համաշխարհային տանգոյի գլուխգործոցները, որն իրապես տոն կդառնա բոլոր երաժշտասերների համար: Ջութակահար Դավիթ Հարությունյանը և   իր երաժիշտ գործընկերները աշխարհի տարբեր երկրներում շրջագայությունից հետո ելույթ կունենան Հայաստանում` եզրափակելով Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը:

 

Երևանյան անդրանիկ ելույթի ընթացքում անսամբլը կկատարի հետևյալ ստեղծագործությունները.

 

Օ. Պուգլիեսե- Նեգրաչա
Լ. Լակապեր- Պաղեստինցի անարխիստի նման գեղեցկուհի
Լ. Ժալյու- 11 ոստրեներ
Վ. Գրեկո- Օխոս նեգրոս
Լ. Լակապեր- Լա կոլինա
Լ. Լակապեր- Տրաիսիոն
Բ. Կավաննա- Ձեռք են գցում Տրիպոլիում
Ա. Բարդի- Գաժո սիեգո
Լ. Լակապեր- Բարբես 
Է. Բալկարսե- Լա բորդոնա
Մ. Շեդիդ- Ժը դի Էմ
Մ. Դեմարկո- Պատա անչա
Ա. Գալվան- Խուլիո դե Կարոյի տանգոների ընտրանի
Ա. Լինեցկի- Շալի



 

 

Կամերային երաժշտության տանը կկայանա Վերադարձի փառատոնի եզրափակիչ համերգը