Հայաստանն աշխարհում 4-րդ երկիրն է փախստականներին ընդունելու առումով

16:25 • 06.11.15

Հայաստանը փախստականներին ընդունելու առումով աշխարհում 4-րդ երկիրն է:  Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին:

 

«Սիրիայում հակամարտության սրման հետևանքով սիրիահայերը հաստատվել են Գերմանիայում, Շվեդիայում, Կանադայում: Լիբանանում մոտավորապես 12 հազար սիրիահայ է հաստատվել, 5-6 հազար սիրիահայ ընտանիք էլ ապրում է Հորդանանում: Մի քանի ընտանիք այս պահին Թուրքիայում են, բայց աշխարհում փախստական ընդունելու թվով մենք չորրորդն ենք և բավականին առաջ ենք բոլոր համեմատականներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հրանուշ Հակոբյանը:

 

Նա ընդգծել է, որ սիրիահայերի սոցիալական հիմնախնդիրները, կրթությունը, առողջապահությունը, բիզնես ծրագրերը խթանելը Հայաստանում կատարվում են անվճար:


«Մենք շատ ակտիվ աշխատում ենք միջազգային կառույցների հետ, նրանց հետ իրականացվող ծրագրերն ուղղում ենք հատկապես սիրիահայերի բնակարանների վարձին, որովհետև եկողը պետք է բնակարան ունենա առաջին հերթին, իսկ հետո աշխատանք: Մենք այս երկու հարցի վրա շատ մեծ ուշադրություն ենք դարձնում: Այս առումով միջազգային կառույցների առաջարկվող ծրագրերը մենք ուղղում ենք մարդկանց բնակարանային վարձի խնդիրների կարգավորմանը: Մոտավորապես 700 սիրիահայ ընտանիք ամսական 200 դոլարի համարժեք գումար է ստանում բնակարանի վարձի խնդիրները կարգավորելու համար»,- հավելել է նախարարը:

 

Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ նկատել է, որ Հայաստանում արդեն փոխվել է գործատուների վերաբերմունքը սիրիահայերի նկատմամբ: Նրա խոսքով՝ եթե սկզբնական շրջանում գործատուները մտահոգություններ ունեին սիրիահայերին աշխատանքի ընդունելու հետ կապված, ապա հիմա մեծ սիրով աշխատանքի են վերցնում նրանց:


«Իրականում սիրիահայերը շատ աշխատասեր են, պատասխանատվության մեծ զգացում ունեն: Կարող եմ ասել, որ նրանք աշխատանքային նոր մշակույթ են բերել Հայաստան, և մենք դեռ նրանցից ինչ-որ բաներ ունենք սովորելու»,- մանրամասնել է  նախարարը:

 

Սիրիահայերին պետության կողմից տրամադրվել է 1.5 միլիարդ դոլարի վարկ՝ 5 տարի ժամկետով և 4 տոկոս տոկոսադրույքով՝ Հայաստանում սեփական բիզնեսը սկսելու համար: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սրանք նրանց համար շատ լավ պայմաններ են, իսկ սիրիահայերը այդ վարկային միջոցներով կարողացել են իրականություն դարձնել իրենց ծրագրերը: Որպես դրա վառ օրինակ Հրանուշ Հակոբյանը բերեց սպասարկման ոլորտում սիրիահայերի մեծ ակտիվությունը:


Ն
 

Հայաստանն աշխարհում 4-րդ երկիրն է փախստականներին ընդունելու առումով