«Ձեզանից մեկը...» համերգաշարը երկխոսության կամուրջ է ստեղծում Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների միջև
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 կյանք» (100 LIVES) նախագծի շրջանակում մեկնարկել է երգահան և բանաստեղծուհի Մարինե Ալեսի «Ձեզանից մեկը...» խորագրով համերգաշարը:
Համերգաշարի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 28-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև հոկտեմբերի 30-ին շարունակվել է Թբիլիսիում՝ Կոտե Մարջանաշվիլիի անվան ակադեմիական թատրոնում և եզրափակվել Սանկտ Պետերբուրգում՝ Պետական Էրմիտաժի թատրոնում:
Թբիլիսիում կայացած համերգին ներկա են եղել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
100 LIVES նախագծի համագործակցության հարցերով տնօրեն Արեն Ափիկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ համերգների նպատակը հանրությանը 100 LIVES նախագծի մասին իրազեկելն էր և մշակույթի միջոցով երկխոսության կամուրջ ստեղծելը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների միջև:
«Մեկնարկը որոշեցինք տալ Գյումրիում, որպես վերապրող քաղաք, որը 100 տարի առաջ ընդունել է ավելի քան 30 հազար որբի»,-ասաց Արեն Ափիկյանը՝ հավելելով, որ գրական-երաժշտական երեկոյի ձևաչափով այդ համերգը բավական պահանջված է եղել:
Նա նաև նշեց, որ մտադիր են առաջիկայում համերգային ծրագիրը ներկայացնել նաև արտերկրի այլ քաղաքներում: Կազմակերպիչները չբացառեցին նաև, որ համերգաշարով հանդես կգան այն երկրներում, որոնք չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Մարինե Ալեսն էլ լրագրողների հետ կիսվելով իր տպավորությունների մասին՝ ասաց, որ սա իր հերթական համերգը չէր, այլ իր գրած հին ու նոր երգերից ու բանաստեղծություններից ընտրված մի բեմականացում:
Համերգների ընթացքում Մարինե Ալեսի ստեղծագործությունների կատարումները զուգորդվել են Ցեղասպանությունը վերապրողների փրկության պատմություններով:
Երգահանի հայտնի ու նոր ստեղծագործությունները կատարել են Ֆորշը, Դավիթ Ամալյանը, Գևորգ Հակոբյանը, Ջանինան, Ջիվան Գասպարյան կրտսերը՝ «Կադանս» անսամբլի նվագակցությամբ:
«Իմ և եղբորս Ռուբեն Վարդանյանի պապիկը փրկվել է մի հասարակ թուրք ֆայտոնչու շնորհիվ: Այսպիսի պատմությունները շատ են: Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ոչ թե հանրահայտ մարդկանց պատմությունները պատմենք, այլ հասարակ մարդկանց»,- ասաց Մարինե Ալեսը՝ միաժամանակ նշելով, որ մեծ սեր և հոգի է դրվել նախագծի մեջ:
Բանաստեղծուհին նշեց, որ հարյուրամյակի շրջանակներում չի սահմանափակվելու համերգաշարը, այլ ցանկություն ունեն նախաձեռնությունը շարունակել այնքան մինչև մարդիկ ասեն՝ բավարար է:
IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանն էլ նշեց, որ շարունակելու են նախաձեռնությունը: «Արվեստը սահմաններ չի ճանաչում: Մենք հավատացած ենք, որ այս միջոցառման անցկացման կարիքը, հատկապես կա այն երկրներում, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Էդգար Մանուկյանը, նշելով սակայն, թե դեռևս հստակ որևէ բան այդ մասին չեն կարող ասել:
100 LIVES նախագիծն ու Մարինե Ալեսը նաև նվերներ են հանձնել Թբիլիսիի և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքների մշակութային կենտրոններին, ինչպես նաև Գյումրիի երաժշտական դպրոցի սաներին: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի պարի խմբին նրանք ազգային տարազներ, իսկ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցուն կից մշակութային կենտրոնին դաշնամուր են նվիրել:
Գյումրիի Շերամի անվան երաժշտական դպրոցն ու Գյումրիի քաղաքապետարանի «Անի» նվագախումբն էլ փողային գործիքներ են նվեր ստացել:












