Երևանում է Սոսո Պավլիաշվիլին՝ չորս նոր երգով

18:35 • 10.11.15

Երևանում է հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին, ով այսօր՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում համերգ կունենա: Պավլիաշվիլին հանդես է գալու չորս նոր երգերով և արդեն հայտնի կատարումներով:

 

Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս է զգում իրեն Երևանում, Սոսո Պավլիաշվիլին ասաց, թե իր համար այստեղ գտնվելը տոնի է նման:

 

«Ես հաճախ եմ Հայաստանում լինում, տարին հինգ-վեց անգամ այցելում եմ, սա իմ համար տոն է: Եթե տոն չլիներ, եթե այստեղ չզգային իմ երգերը, չցանկանային տեսնել մեկին, ով կապված չէ այս հողի հետ ... Իմ կյանքն այստեղ իմ հայ հարազատների հետ լավ է անցնում: Մեկ կարծես մեկ միասնություն լինենք, որտեղ միմյանց տեսնում ենք՝ տոն է»,- ասաց նա:

 

Երգիչը նշեց, որ ինքը մեծ հաճույքով է երգել հայ երիտասարդների համար. «Հրաշալի է, երբ հավաքվում են գեղեցիկ, բարձր տեմպերամենտով, երաժշտական ճաշակով երիտասարդներ ու դու նրանց համար երգում ես: Իրենք  քեզ համար են պարում, դու իրենց համար ու ստացվում է մի մեծ տոն, որը մնում է մեր մեջ: Հայ երիտասարդներին մաղթում եմ, որ իրենք կարողանան իրենց հնարավորությունները ցուցադրել, լավ ընտանիքներ կազմեն, սիրեն ու սիրվեն, հավատան Աստծուն ու իրենց երկրին»:

 

Tert.am-ի հարցին, թե կա՞ Երևանում մի վայր կամ կերակուր, որը ինքը սիրում է, Սոսո Պավլիաշվիլին ժպիտով պատասխանեց. «Ճուտիկները... Ես այստեղ ամեն ինչ տեսել եմ, ինձ բավարար է այն, որ հարազատներիս, սիրելի մարդկանց եմ տեսնում: Ամեն տեղ լավ է...»: Ազգությամբ վրացի երգիչն ասաց, որ հայերի ու վրացիների միջև հոգևոր կապ կա, ապա կատակեց. «Հայերն ասում են, որ Թիֆլիսը հայերն են կառուցել, երևի դա է...»:

 

Իսկ թե ինչպե՞ս է հաջողվում բեմում անկեղծ երևալ, երգիչն ասաց, թե ինքը դրա համար առանձնակի ջանքեր չի գործադրում՝ փոխանցում է այն, ինչ զգում է. «Ես չեմ մտածում այդ մասին, ես սիրում եմ կյանքը, սիրում եմ այն բեմում, բեմից դուրս: Պետք չէ ձևանալ, փորձել ինչ-որ մեկը ձևանալ: Բեմը ինձ համար սրբություն է, որտեղ ես կարող եմ իմ ասելիքն ասել, մի բան, որը ուզում են բոլորն ասել»:


 

Երևանում է Սոսո Պավլիաշվիլին՝ չորս նոր երգով