Օմար Շարիֆի մասնակցությամբ վերջին ֆիլմը կցուցադրվի Դուբայի միջազգային կինոփառատոնում

15:34 • 11.11.15

Եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆի մասնակցությամբ վերջին ֆիլմը կցուցադրվի Դուբայում մեկնարկելիք միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ տեղի կունենա դրա պաշտոնական պրեմիերան:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, «Իբն ալ-Հայթամի 1001 հայտնագործություններն ու աշխարհը» ֆիլմում հանգուցյալ դերասանը մարմնավորել է 11-րդ դարում ապրած արաբ փիլիսոփայի` ներկայացնելով վերջինիս կյանքն ու գործունեությունը:

 

Ամբողջ աշխարհով մեկ բազմաթիվ երկրպագուներ ունեցող դերասանը մահացել է այս տարվա հուլիսին` երկարատև հիվանդության պատճառով։ Տաղանդաշատ դերասանը համաշխարհային համբավ է ձեռք բերել «Լոուրենս Արաբացին», «Բժիշկ Ժիվագո», «Ծիծաղելի աղջիկը» ֆիլմերում իր անթերի դերակատարման շնորհիվ:

 

Սակայն հայ հանդիսատեսին Շարիֆն առավելապես հոգեհարազատ է ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում Ցեղասպանությունից մազապուրծ եղած Հակոբ Զաքարյանի կերպարում: Ի դեպ, այդ դերի պատճառով Թուրքիայի իշխանություններն արգելել են դերասանին իրենց երկիր մուտք գործել։

Օմար Շարիֆի մասնակցությամբ վերջին ֆիլմը կցուցադրվի Դուբայի միջազգային կինոփառատոնում