Կյանքից հեռացել է «Դ'Արտանյանն ու երեք հրացանակիրները» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչը
82 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչը։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել են հիվանդանոցից, որտեղ ռեժիսորին տեղափոխել էին մեկ շաբաթ առաջ։
Նրա կինը նշել է, որ ամուսնու մահվան պատճառը եղել է սրտային անբավարարությունը։
Յունգվալդ- Խիլկևիչի ամենահայտնի աշխատանքը «Դ'Արտանյանն ու երեք հրացանակիրները» ֆիլմն է, ինչպես նաև դրա շարունակությունը՝ «Հրացանակիրները՝ 20 տարի անց», նաև «Աննա թագուհու գաղտնիքը կամ հրացանակիրները 30 տարի անց» և «Հրացանակիրների վերադարձը կամ կարդինալ Մազարինիի գանձերը»:
Ռեժիսորը ծնվել ու մեծացել է Տաշքենդում, հենց այնտեղ էլ ստացել է թատերագեղարվեստական կրթությունը:
Իր առաջին ֆիլմը՝ «Ծիածանի բանաձևը» ֆանտաստիկ կոմեդիան, նկարահանել է 1966 թվականին՝ Օդեսայի կինոստուդիայում:
Հաջորդ ֆիլմը՝ «Վտանգավոր հյուրախաղեր»-ը, նկարահանել է 3 տարի անց: Հենց դա էլ ռեժիսորին ԽՍՀՄ-ում հայտնի դարձրեց։ Այդ ֆիլմի գլխավոր դերակատարներն էին Վլադիմիր Վիսոցկին, Նիկոլայ Գրինկոն և Եֆիմ Կոպելյանը:
Ռեժիսորն աշխատել է Օդեսայի, Մոսկվայի, Տաշքենդի ու Փարիզի թատրոններում, իսկ 1990-ին տեղափոխվել է Մոսկվա։










